Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեի նորանշանակ նախագահ Արամազդ Ղալամքարյանին։ Հայտնում են նախագահի աշխատակազմից։

«Հանրապետության նախագահը շնորհավորել է նրան պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել ապագա աշխատանքներում։

Հանդիպման ընթացքում Արամազդ Ղալամքարյանը ներկայացրել է կոմիտեի ընթացիկ գործունեության, առկա իրավիճակի և առաջնահերթ գործողությունների վերաբերյալ տեղեկություններ։ Ընդգծվել է, որ այս չափազանց կարևոր ենթակառուցվածքային ոլորտում կան մի շարք հրատապ խնդիրներ, որոնց լուծումը դարձել է կենսական անհրաժեշտություն։

Նախագահ Վահագն Խաչատուրյանը կարևորել է կոմիտեի հետևողական և համակարգված աշխատանքը՝ ընդգծելով ջրային ռեսուրսների պահպանության, դրանց արդյունավետ կառավարման և կայուն օգտագործման ուղղությամբ ջանքերի ակտիվացումը։ Նա նշել է, որ ջրային ոլորտի բարեփոխումները Հայաստանի սոցիալ-տնտեսական և տարածքային զարգացման կարևոր բաղադրիչներից են։

Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նաև Սպանդարյան ջրանցքի վերակառուցման ծրագրին, որը ներառված է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ընթացիկ տարվա հեռուստամարաթոնի առանցքային նպատակների շարքում։ Քննարկվել են ծրագրի իրականացման ընթացքը, դրա ռազմավարական նշանակությունը և այն ակնկալիքները, որոնք վերաբերում են ջրամատակարարման անվտանգության բարձրացմանը։

Հանդիպման ավարտին շեշտվել է ջրային ոլորտում ընթացիկ ծրագրերի կենսական կարևորությունը և դրանց արդյունավետ, ժամանակին իրականացումն ապահովելու անհրաժեշտությունը»,- նշվում է հաղորդագրությունում։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment