Փաստաբան․ Արշակ սրբազանի կալանավորման հիմքում 2018-ին հնչած կասկածներ են՝ առանց նոր ցուցմունքների

Փաստաբան․ Արշակ սրբազանի կալանավորման հիմքում 2018-ին հնչած կասկածներ են՝ առանց նոր ցուցմունքների

9 դեկտեմբերի 2025 – 19:03 AMT

PanARMENIAN.Net – Փաստաբան Արսեն Բաբայանը հայտարարել է, որ Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը ձերբակալվել և կալանավորվել է 2018թ.«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» ակցիայի մասնակիցներից մեկի կողմից թմրամիջոցի հայտնաբերման վարույթով ինչ-որ մարդկանց հայտնած կասկածների հիման վրա, հայտնում է «Փաստինֆոն»։

«Ակցիայի մասնակիցները, երբ գնացել են Մայր Աթոռ, ահազանգ է եղել, որ նրանց մոտ կա թմրամիջոց, ոստիկանությունը եկել, զննել են պայուսակները, պայուսակներից մեկում հայտնաբերվել է թմրամիջոցը։ Անձը հայտնել է, որ թմրանյութեր չի օգտագործվում, ինչը հաստատվել է նաև հետագա քննությամբ։ Այլևս ոչինչ չի եղել, հիմա ուղղակի եկան, ձերբակալեցին ու կալանավորեցին Արշակ sրբազանին»,- նշել է Բաբայանը՝ հավելելով, որ կա 2-3 ցուցմունք, որտեղ ինչ-որ մարդիկ դեռ 2018թ․ կասկածներ հայտնել են։ Այլ խոսքով՝ 2018թ․ «օդում» հայտնած կասկածներով միայն օրերս են ձերբակալել սրբազանին։

Ընդ որում, տարիներ առաջ նման կասկածներ հայտնած անձինք կրկին չեն հարցաքննվել, չեն պնդել նախկինում ցուցմունքները, թե ինչ պատճառաբանությամբ են որոշել հիմա նման քննություն իրականացնել:

Բաբայանը նշել է, որ այդ պատճառաբանությունը ՔԿ-ն տվել է՝ հաղորդագրությամբ։

«Ուղղակի նստած էին, որոշեցին հին գործերը նայել, բայց բոլորիս համար ակնհայտ է, թե սա ինչի մասին է։ Սա կոնկրետ քաղաքական հանձնարարություններով անձի՝ իր հայտնած դիրքորոշումների նպատակով իրականացված գործողություն է»,–ասել է փաստաբանը։

Արշակ Սրբազանը հրաժարվել է ցուցմունք տալուց։

«Որևէ տվյալ գոյություն չունի, որը կարող է նույնիսկ հիմնավոր կասկածի շեմը հաղթահարել՝ սրբազանի առնչությունը՝ մեղսագրվող արարքին, որևէ նվազագույն տվյալ անգամ գոյություն չունի»,- նշել է Բաբայանը։

Կալանավորման որոշումը կվիճարկվի ամբողջությամբ՝ հիմնավոր կասկածից սկսած։ Պաշտպանն ընդգծել է, որ որևէ տվյալ չկա, որ նման արարքը կարող էր կատարված լինել սրբազանի կողմից, իսկ եթե արարք կատարված լիներ էլ, ապա, ըստ նկարագրության, այդտեղ հանցագործություն չկա, առնվազն՝ թմրամիջոցների իրացման հանցանք գոյություն չունի, որովհետև, ինչպես արդեն նշվել է, ըստ վարույթն իրականացնող մարմնի՝ նպատակը եղել է ինչ-որ անձի վարկաբեկելը, մինչդեռ, այդ հոդվածով անձին մեղադրելու հնարավորության համար պետք է իրացման նպատակ լինի։

Արշակ Սրբազանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ այն խցում է, որտեղ գտնվում են նաև Միքայել և Բագրատ Սրբազանները։ Պաշտպանը համոզված է՝ դրանով նպատակ են հետապնդել սրբազանների խոսակցությունները լսելու և ձայնագրելու։ Այլ խուց տեղափոխելու հարց չի քննարկվել, անհրաժեշտություն չկա, քանի որ երեք սրբազանները որևէ կապ չունեն որևէ հանցանքի հետ, հետևաբար, չեն կարող խոսել մի բան, որը կարող է որևէ առնչություն ունենալ որևէ հանցանքի հետ։

Արշակ սրբազանը ձերբակալվել է դեկտեմբերի 4-ին՝ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից Քննչական կոմիտեի շենքից դուրս գալիս։ Քննչական կոմիտեն հայտնել է, որ նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով, որն առնչվում է թմրամիջոցի ապօրինի իրացմանը հանդիսադիր վայրում, մի խումբ անձանց կողմից։ Ըստ պաշտպանության, սա ոչ միայն անլուրջ մեղադրանք է, այլև զուրկ է որևէ փաստական հիմքից։

Դեկտեմբերի 5-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանի որոշմամբ Արշակ Սրբազանի նկատմամբ կիրառվել է կալանք։

Leave a Comment