Ակտիվ ցիկլոնով պայմանավորված առատ տեղումները կշարունակվեն մինչև առավոտ

Ակտիվ ցիկլոնով պայմանավորված առատ տեղումները կշարունակվեն մինչև առավոտ

9 դեկտեմբերի 2025 – 17:31 AMT

PanARMENIAN.Net – Հարավ-արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ամբողջ տարածքում դեկտեմբերի 9-ի երեկոյան և 10-ի գիշերը մինչև առավոտյան ժամերը սպասվում են տեղումներ։

Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի և Սյունիքի լեռնային ու նախալեռնային գոտիներում սպասվում են ձյուն և ձնախառն անձրև, տեղ-տեղ՝ առատ։

Արարատյան դաշտավայրում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռնային շրջաններում, ինչպես նաև Տավուշի ու Սյունիքի հովտային հատվածներում, ներառյալ մայրաքաղաք Երևանը, կանխատեսվում է անձրև՝ առանձին հատվածներում՝ հորդառատ։

Երևանում դեկտեմբերի 10-ին՝ անձրևային և մառախուղոտ եղանակ է սպասվում, իսկ 10-ի գիշերը՝ հորդառատ տեղումներ։ Դեկտեմբերի 13-ի գիշերը հնարավոր է թույլ անձրև։ Դեկտեմբերի 11-12-ը, 13-ի ցերեկը և 14-ին՝ տեղումներ չեն ակնկալվում։

Մարզերում դեկտեմբերի 9-ի ցերեկն առանձին շրջաններում, 9-ի երեկոյան և 10-ի գիշերը՝ շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ՝ լեռնային ու որոշ նախալեռնային հատվածներում ձյան և ձնախառն անձրևի, իսկ հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով։ Առանձին վայրերում տեղումները կարող են լինել ինտենսիվ։

Դեկտեմբերի 13-ի գիշերը առանձին շրջաններում կանխատեսվում են թույլ տեղումներ։ Դեկտեմբերի 11-12-ը, 13-ի ցերեկը և 14-ին՝ եղանակը կլինի առանց տեղումների։

Դեկտեմբերի 10-14-ը Արարատյան դաշտում և Շիրակի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին կդիտվի մառախուղ։

Քամին կլինի արևմտյան ուղղության՝ 2-5 մ/վ արագությամբ։ Դեկտեմբերի 13-ին և 14-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ մինչև 14-18 մ/վ։ Օդի ջերմաստիճանը էապես փոփոխության չի ենթարկվի։

Leave a Comment