9 դեկտեմբերի 2025 – 18:35 AMT
PanARMENIAN.Net – Գյումրիի ավագանու առաջիկա նիստը նախատեսված է անցկացնել դեկտեմբերի 19-ին։ Այդ մասին հայտնել է Հայաստանի կոմունիստական կուսակցության խմբակցության ղեկավար Լուսինե Անանյանը՝ նշելով, որ այս պահին ավագանու կազմում քվորումի ապահովման հետ կապված խնդիրներ չկան, հայտնում է «Փաստինֆոն»։
Նրա փոխանցմամբ՝ Գյումրու փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանը շարունակում է պաշտոնավարել, նրա լիազորությունները կասեցված չեն։
«Մենք այս պահին քաղաքապետարանում ենք ու այստեղ բնականոն աշխատանքները շարունակվում են»,- նշել է նա։
Լուսինե Անանյանն անդրադարձել է նաև օրեր առաջ տեղի ունեցած միջադեպին, երբ իրավապահները փորձել են բերման ենթարկել Ավետիս Առաքելյանին՝ Գյումրու քաղաքապետարանում զանգվածային անկարգությունների գործով սկսված քրեական վարույթի շրջանակում, սակայն, ըստ նրա, ընդամենը մի քանի րոպե անց նա ազատ է արձակվել։
Քրեական վարույթի շրջանակում արդեն իսկ երկու անձ է ձերբակալվել։ Նրանցից մեկի՝ քաղաքապետի խորհրդական Կարապետ Ղուկասյանի նկատմամբ կիրառվել է կալանք որպես խափանման միջոց, իսկ կոմունալ բաժնի պետ Արտյոմ Մկրտչյանի նկատմամբ՝ տնային կալանք։