Մինչ այս պահը չկա որևէ փորձագիտական եզրակացություն, որը կարող էր հերքել Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսագրության կեղծ լինելը, հայտարարել է արքեպիսկոպոսի պաշտպան Արսեն Բաբայանը՝ հերքելով ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության Վահագն Ալեքսանյանին։
Նա նշել է, որ Ալեքսանյանը դեկտեմբերի 8-ին Factor.am լրատվականին տված հարցազրույցում «իրականությանը չհամապատասխանող և կեղծ հայտարարություններ է արել»։
«Ամենաակնհայտ կեղծիքն ու բացահայտ սուտն այն պնդումն է, թե իբր փորձաքննությամբ հաստատվել է, որ Արշակ սրբազանին վերագրվող հայտնի տեսագրությունը չի ստեղծվել արհեստական բանականության կամ որևէ այլ հատուկ ծրագրային ապահովման միջոցով։ Միակ «փորձաքննության» եզրակացությունը հանդիսանում է կես էջանոց փաստաթուղթը, որտեղ փորձագետը նշել է․ «կարելի է եզրակացնել, որ լուսանկարներում պատկերված է միևնույն անձը»։ Այսինքն՝ հայտնի «փորձաքննությունը» վերաբերում է բացառապես տեսագրությունից հանված կադրի համեմատությանը Արշակ սրբազանի լուսանկարներից մեկի հետ»,- գրել է Բաբայանը։
Արքեպիսկոպոսին դեկտեմբերի 4-ին ձերբակալել, իսկ դեկտեմբերի 5-ին կալանավորել էին մի խումբ անձանց կողմից նախնական հանաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելու հոդվածով։ Փաստաբանը հայտնել էր, որ արքեպիսկոպոսը մեղադրվում է 2018-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի դեմ ակցիա իրականացնողներից մեկի պայուսակում իբր թմրամիջոց դնելու մեջ։
Հոկտեմբերին արքեպիսկոպոսին վերագրվող տեսանյութեր էր հրապարակել Armenian WikiLeaks տելեգրամյան ալիքը՝ նշելով, թե «արքեպիսկոպոսը սեռական կապի մեջ է իր քեռակնոջ հետ»։ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» ՀՀ գլխավոր դատախազություն էր ուղարկել հանցագործության վերաբերյալ հաղորդում, տեսանյութերի տարածման առնչությամբ ՔԿ-ն քրեական վարույթ էր նախաձեռնել, փաստաբանը հրապարակել էր ՔԿ-ի փորձաքննության արդյունքները։ Արքեպիսկոպոսը զրպարտություն և հերյուրանք էր անվանել տեսանյութը՝ ավելի ուշ վերահաստատել դրանց կեղծ լինելը։
Կարդացեք նաև՝
