Ամստերդամը ԵՄ-ին կոչ է արել դադարեցնել ՀՀ կառավարության ֆինանսավորումը, քանի որ «այն զուրկ է լեգիտիմությունից»

Ամստերդամը ԵՄ-ին կոչ է արել դադարեցնել ՀՀ կառավարության ֆինանսավորումը, քանի որ «այն զուրկ է լեգիտիմությունից»

9 դեկտեմբերի 2025 – 13:32 AMT

PanARMENIAN.Net – Հայտնի իրավաբան, մարդու իրավուքների միջազգային պաշտպան Ռոբերտ Ամստերդամը ԵՄ-ին հորդորել է վերանայել իր ֆինանսական քաղաքականությունը ՀՀ կառավարության նկատմամբ, քանի որ «այն զուրկ է լեգիտիմությունից»։ Այդ մասին նա նշել է ֆեյսբուքյան իր էջում։

Նա խոսել է Փաշինյանի կառավարության կողմից «քրիստոնյա քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի և Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ուղղված հարձակումը, որը, փաստորեն, ամենամեծ կրոնական խումբն է երկրում»։

«ԵՄ-ն պետք է անհապաղ դադարեցնի իր ֆինանսական աջակցությունը Հայաստանի կառավարությանը և խորհրդակցություններ հրավիրի ՀՀ իշխանությունների անօրեն գործողությունները դադարեցնելու շուրջ: Մի՛ ֆինանսավորեք մի կառավարության, որը զուրկ է լեգիտիմությունից»,- նշել է նա։

Մեկ այլ գրառման մեջ Ամստերդամը գրել է, որ իր թիմը պատրաստել է համապարփակ, ծանրակշիռ զեկույց, որը փաստագրում է Հայաստանում տեղի ունեցող մտահոգիչ զարգացումները։

«Մեր նպատակը պարզ է՝ մերկացնել իշխանությունների ակնհայտ շեղումները օրենքի գերակայությունից և քաղաքական չեզոքությունից, որոնք լրջորեն վնասում են երկրի ժողովրդավարական հիմքերը։

Զեկույցը մանրամասնորեն ցույց է տալիս, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ հարուցված իրավական գործը կեղծ է և հստակ օրինակ, թե ինչպես են քաղաքական դրդապատճառներով կոպտորեն անտեսվում իրավական նորմերն ու մարդու հիմնարար իրավունքները՝ ընդդիմախոսներին լռեցնելու համար։

Սա ուղղակի հարձակում է բոլոր նրանց վրա, ովքեր համարձակվում են կանգնել Եկեղեցու կողքին»,–ասվում է գրառման մեջ։

Զեկույցը հասցեագրված է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին, Եվրոպայի Խորհրդին, ԵՄ մարմիններին և բոլոր այն միջազգային կազմակերպություններին, որոնք պաշտպանում են արդարադատությունը։

Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը կալանավորվել է երկու ամսով և տեղափոխվել «Արմավիր» ՔԿՀ` «ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալnւն ուղղված հրապարակային կոչի» մեղադրանքով։ Դրանից մի քանի ժամ առաջ Կարապետյանը հանդես էր եկել Հայ Առաքելական եկեղեցուն աջակցող հայտարարությամբ․«Ես մեր եկեղեցու, մեր ժողովրդի կողքին եմ: Ինչքան էլ փորձեն սևացնել, ոչ մի էլեկտրական ցանց… թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց էլցանցի վրա էլ: Ամեն ինչ լավ է լինելու, ժողովուրդը մեկ է իր խոսքն ասելու է, իրենք հասկանալու են, որ սխալվեցին»։ Այնուհետև նրա կալանքը երկարացվել է։

Ի պատասխան Փաշինյանը գրել էր․ «Պոռնկաբարո «հոգևորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»: Ավելի ուշ նա հավելել է, որ ՀԷՑ–ը պետք է պետականացվի և շատ արագ։ Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ է նշանակվել։

Leave a Comment