Լիտվայի ամբողջ տարածքում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել, երեքշաբթի հայտնել է երկրի կառավարության մամուլի ծառայությունը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
«Բելառուսի տարածքից Լիտվայի տարածք արձակվող մաքսանենգությամբ օդապարիկների գրոհների հետևանքով ազգային անվտանգության շահերին սպառնացող վտանգի, ինչպես նաև մարդկանց կյանքի, առողջության, ունեցվածքի և/կամ շրջակա միջավայրի համար ստեղծված վտանգի պատճառով կառավարության որոշմամբ այսօրվանից երկրի ողջ տարածքում արտակարգ դրություն է սահմանվում», – ասվում է հաղորդագրության մեջ:
Վարչապետ Ինգա Ռուգինենեի խոսքով՝ հանրությունը որևէ անհարմարություն չի զգա հայտարարված արտակարգ դրության պատճառով:
Լիտվայի կառավարության տեղեկատվության համաձայն՝ հոկտեմբերից սկսած Վիլնյուսի օդանավակայանը փակվել է ավելի քան 60 ժամով «մաքսանենգների օդապարիկների կողմից քաղաքացիական ավիացիայի սպառնալիքի պատճառով, ինչն ազդել է ավելի քան 350 չվերթի ու շուրջ 51 հազար ուղևորի վրա»:
Բելառուսը հերքել է իր կապը մաքսանենգ ճանապարհով ծխախոտ տեղափոխելու մեղադրաքներին: Մինսկը Լիտվային առաջարկում է բանակցությունների սեղանի շուրջ քննարկել առկա բոլոր խնդիրները, լիտվական կողմը չի ընդունում այդ առաջարկը, սրան ի պատասխան՝ հայտարարել է Բելառուսի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Իգոր Սեկրետան:
«Ես մասնակցել եմ ԵԱՀԿ ամենամյա նախարարական հանդիպմանը։ Մենք համառորեն առաջարկել ենք մեր լիտվացի գործընկերներին օգտվել այդ հնարավորությունից, քանի որ Լիտվայի պատվիրակությունը նույնպես ներկայացված էր փոխարտգործնախարարի մակարդակով, անցկացնել խորհրդակցություններ, բանակցությունների սեղանի շուրջ քննարկել բոլոր այն հարցերը, որոնք կուտակվել են երկկողմ օրակարգում», – ասել է նա:
Բելառուսի և Լիտվայի միջև հարաբերությունները սրվել են հոկտեմբերին։ Այն ժամանակ ծխախոտի մաքսանենգ մատակարարումների ակտիվացման ֆոնին Վիլնյուսը որոշել էր մինչև նոյեմբերի վերջ փակել Բելառուսի հետ սահմանի անցակետերը։
