ՀՀ ԱԳՆ խոսնակը՝ «3+3» հարթակի նախարարական հաջորդ հանդիպման անցկացման վայրի մասին

Քաղաքականություն

09.12.2025 | 13:00

«3+3» տարածաշրջանային հարթակի հերթական հանդիպման վայրի վերաբերյալ քննարկումները շարունակվում են:  Factor.am-ի հարցին ի պատասխան հայտնել է ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝  արձագանքելով Ադրբեջանի ԱԳ նախարարի երեկվա հայտարարությանը։

«Ինչպես արձանագրված է «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի երրորդ հանդիպման համատեղ կոմյունիկեում, նախարարական հաջորդ հանդիպման վայրն ու ամսաթիվը կհամաձայնեցվեն դիվանագիտական ուղիներով։ Ընդհանուր ընկալմամբ` այդ հանդիպումը պետք է անցկացվի Երևանում կամ Բաքվում։ Փոխադարձաբար ընդունելի լուծում գտնելու ուղղությամբ քննարկումները կշարունակվեն, պայմանավորվածության լինելու դեպքում կտեղեկացնենք»,- հայտնեց Անի Բադալյանը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը երեկ առաջարկել է, որ «3+3» տարածաշրջանային ձևաչափի հերթական հանդիպումը նախ անցկացվի Ադրբեջանում, դրանից հետո արդեն՝ Հայաստանում։ 

 

 

Անի Թամրազյան

Leave a Comment