Բաբայան. Վահագն Ալեքսանյանն Արշակ սրբազանի մասին բացահայտ սուտ է տարածել

Բաբայան. Վահագն Ալեքսանյանն Արշակ սրբազանի մասին բացահայտ սուտ է տարածել

9 դեկտեմբերի 2025 – 11:24 AMT

PanARMENIAN.Net – Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը դեկտեմբերի 8-ին տված հարցազրույցում, անդրադառնալով Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի շուրջ զարգացումներին, կատարել է «իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ․ առանձին դեպքերում՝ բացահայտ սուտ, որոշ դեպքերում էլ պարզապես կեղծել է հաղորդած տեղեկություններ»:

«Ամենաակնհայտ կեղծիքն ու բացահայտ սուտն այն պնդումն է, թե իբր փորձաքննությամբ հաստատվել է, որ Արշակ սրբազանին վերագրվող հայտնի տեսագրությունը չի ստեղծվել արհեստական բանականության կամ որևէ այլ հատուկ ծրագրային ապահովման միջոցով։

Որպես Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի ներկայացուցիչ և պաշտպան՝ պաշտոնապես հայտարարում եմ, որ մինչ այս պահը չկա որևէ փորձագիտական եզրակացություն, որը կարող էր հերքել տվյալ տեսագրության կեղծ լինելը։ Միակ «փորձաքննության» եզրակացությունը հանդիսանում է հայտնի կես էջանոց փաստաթուղթը, որտեղ փորձագետը նշել է․ «կարելի է եզրակացնել, որ լուսանկարներում պատկերված է միևնույն անձը»։ Այսինքն՝ հայտնի «փորձաքննությունը» վերաբերում է բացառապես տեսագրությունից հանված կադրի համեմատությանը Արշակ սրբազանի լուսանկարներից մեկի հետ։

Ավելին՝ քննիչը փորձաքննություն նշանակելիս անգամ փորձագետին չի տվել հարց, թե արդյոք տեսագրությունը կեղծված չէ։

Վահագն Ալեքսանյանին և նրա ՔՊ-ական գործընկերներին հորդորում եմ զերծ մնալ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի հասցեին ակնհայտ սուտ ու կեղծ տեղեկություններ տարածելուց»,–ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ Արշակ Սրբազանի շահերը ներկայացնող փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում, արձագանքելով լրատվամիջոցներում տարածված տեղեկությանը, որը վերագրվում է Հայ Առաքելական Եկեղեցու մի խումբ եպիսկոպոսների, նշել է, որ եթե նույնիսկ տեսագրության փորձաքննության եզրակացություն գոյություն ունենար, այն չէր կարող տրամադրվել որևէ այլ անձի, այդ թվում՝ հիշատակվող եպիսկոպոսներին։ Նա նշել է, որ Քննչական կոմիտեն պարտավոր է ներկայացնել հստակ և սպառիչ պարզաբանումներ։

Leave a Comment