Փաստաբանների թիմ․ Միքայել սրբազանին առաջարկել են «Իզմիրլյան» ԲԿ–ից բացի այլ հիվանդանոց ընտրել

Փաստաբանների թիմ․ Միքայել սրբազանին առաջարկել են «Իզմիրլյան» ԲԿ–ից բացի այլ հիվանդանոց ընտրել

9 դեկտեմբերի 2025 – 10:30 AMT

PanARMENIAN.Net – Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանական թիմը հայտարարում է, որ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ն ամիսներ շարունակ չի տալիս հստակ պատասխան նրա՝ սեփական միջոցներով «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում վիրահատվելու և բուժում ստանալու պահանջին, ինչն առաջացրել է մտահոգություն sրբազանի առողջական վիճակի և նրա առողջության իրավունքի ապահովման վերաբերյալ։

Ըստ պաշտպանների՝՝ ՊՈԱԿ-ը սրբազանին առաջարկել է ընտրել մեկ այլ բժշկական հաստատություն «Իզմիրլյան» կենտրոնից բացի, սակայն Միքայել սրբազանը նշել է, որ նախկինում այնտեղ է բուժում ստացել, ունի մասնագիտացված բժիշկ և վստահում է թե՛ կենտրոնին, թե՛ բժշկին։

«ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825-Ն որոշմամբ հաստատված կարգին հետևելով, ինչպես նաև հաշվի առնելով այն, որ Միքայել Սրբազանը հայտնել է՝ ցանկանում է վիրահատվել «Իզմիրլյան» բժշկական կենտրոն ՓԲԸ-ում իր միջոցներով՝ 2025 թվականի հոկտեմբերի 7-ին նրա պաշտպան Արա Զոհրաբյանը դիմել է ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայությանը՝ ակնկալելով, որ կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր վիրահատության կազմակերպման ուղղությամբ, այդ թվում՝ Միքայել արք. Աջապահյանի համաձայնությունը փոխանցելու «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ին», – նշված է հայտարարության մեջ։

Այնուհետև, ինչպես հաղորդում է պաշտպանական խումբը, 2025 թվականի հոկտեմբերի 29-ին, նոյեմբերի 6-ին և նոյեմբերի 10-ին նոր դիմումներ են ուղարկվել ՊՈԱԿ-ին։ Դրանցում ներկայացվել են անհրաժեշտ բժշկական փաստաթղթեր, սրբազանի գրավոր համաձայնությունը, ինչպես նաև ակնկալվել է, որ ՊՈԱԿ-ը միջոցներ կձեռնարկի ինչպես վիրահատության, այնպես էլ մեկ այլ հիվանդության բուժման կազմակերպման ուղղությամբ նույն բժշկական կենտրոնում։

2025 թվականի նոյեմբերի 28-ի պաշտոնական գրությամբ, «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենը, ընդունելով, որ պլանային վիրահատություն անհրաժեշտ է, միայն նշել է, որ Միքայել Սրբազանը հրաժարվել է անվճար բուժօգնությունից։ Սակայն, ինչպես ընդգծում է պաշտպանական խումբը, այդ գրությամբ որևէ պարզություն չի հաղորդվել Սրբազանի՝ «Իզմիրլյան» կենտրոնում իր հաշվին վիրահատվելու հարցի վերաբերյալ։

«Պաշտպանական թիմն իր մտահոգությունն է հայտնում ՊՈԱԿ-ի կեցվածքի և Սրբազանի առողջության հետ կապված հարցով նման դանդաղկոտություն դրսևորելու վերաբերյալ և պատրաստվում է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Միքայել Սրբազանի առողջության իրավունքը պաշտպանելու համար», – ասված է հայտարարության մեջ։

Ավելի վաղ, ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ասել է, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին վիրահատություն է անհրաժեշտ, իսկ ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Աջապահյանին իրավաբան կայցելի՝ դիմումի հարցով։

Երևանի քրեական դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը, սեպտեմբերի 24-ին, իշխանության զավթման հրապարակային կոչերի գործով մեղադրական դատավճիռ է կայացրել Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ և օրեր անց նրան դատապարտել է 2 տարվա ազատազրկման։

2000 թ. Հայ բարեգործական ընդհանուր միությունը ձեռք է բերել և 2001 թ. Մայր Աթոռին նվիրաբերել Պրոկտոլոգիայի ինստիտուտը, որը վերանվանվեց Սբ. Ներսես Մեծ բժշկական կենտրոնի, որն էլ հետագայում ըն դգրկվեց «Իզմիրլյան» ԲԿ կազմում։ ԲԿ–ն ունի հոգևոր տեսուչ։

ՀԱԵ թեմերի միջոցով կազմակերպվում են կենտրոնի բժիշկների ամենամսյա այցեր Հայաստանի տարբեր շրջաններ, գյուղեր ու քաղաքներ: Հատուկ խմբերի համար տրամադրվում են բժշկական անվճար ծառայություններ և խորհրդատվություն:

Leave a Comment