9 դեկտեմբերի 2025 – 10:14 AMT
PanARMENIAN.Net – ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը, արձագանքելով Բաքվից հնչող հայտարարություններին, ասել է, որ, ինչպես նշվում է «3+3» տարածաշրջանային համագործակցության ձևաչափի երրորդ հանդիպումից հետո տարածված համատեղ հաղորդագրության մեջ, նախարարների նոր հանդիպման անցկացման ժամանակն ու տեղը պիտի համաձայնեցվեն դիվանագիտական ուղիներով, հայտնում է 1lurer.am-ը։
«Ընդհանուր ընկալմամբ` այդ հանդիպումը պետք է անցկացվի Երևանում կամ Բաքվում։ Փոխադարձաբար ընդունելի լուծում գտնելու ուղղությամբ քննարկումները կշարունակվեն, պայմանավորվածության լինելու դեպքում կտեղեկացնենք»,- նշել է նա:
Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳ նախարարը Իրանի իր գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել էր, որ պաշտոնական Բաքուն առաջարկել է «3+3» տարածաշրջանային ձևաչափի հերթական հանդիպումն անցկացնել Ադրբեջանում, իսկ հաջորդը՝ Հայաստանում: «Ներկայիս իրավիճակում չենք տեսնում հիմքեր, թե ինչու Երևանը չի ընդունի այս առաջարկը»,- նշել էր Ջեյհուն Բայրամովը:
«3+3» ձևաչափում ներառված են Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը, ինչպես նաև Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան։ Վրաստանն առայժմ չի մասնակցում այս ձևաչափով աշխատանքներին, սակայն մյուս մասնակիցները բազմիցս ասել են, որ դուռը բաց է Թբիլիսիի համար։ Նախորդ երեք հանդիպումները կայացել են Մոսկվայում, Թեհրանում և Ստամբուլում։