ՀԱԵ Արցախի թեմն արձագանքել է Արցախի թեմական խորհրդի տարածած հայտարարությանը։
Դեկտեմբերի 2-ին «Ապառաժ»-ը հրապարակել էր թեմական խորհրդի հայտարարությունը, որտեղ խորհուրդը խոր անհանգստություն և մտահոգություն է հայտնել՝ կապված Արցախի թեմակալ առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի գործելակերպի և դիրքորոշումների հետ։
«Խորհրդի առանձին անդամներ քաղաքական նպատակներով իրենց անունից արվող հայտարարությունները վերագրել են թեմական խորհրդին՝ դուրս գալով թեմակալ առաջնորդին կից խորհրդակցական այս մարմնի անդամի իրենց ունեցած լիազորությունների սահմաններից»,- ասվում է թեմի հայտարարության մեջ։
Նշվում է, որ նոյեմբերի 28-ին Վրթանես սրբազանը թեմի երևանյան գրասենյակում խորհրդի 8 անդամներից 3-ի հետ հանդիպում է ունեցել և ներկայացրել իր պատկերացումներն ու քայլերը։ Ըստ հայտարարության, հանդիպումը թեմական խորհրդի ժողով չէր, ժողովը հրավիրվում է թեմակալ առաջնորդի կողմից։
Աբրահամյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո մի խումբ եպիսկոպոսների և արքեպիսկոպոսների կոչ էր արել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին «հանգստյան կոչվել» և նոր ընտրություններ կազմակերպել։ Հայտարարությունն ստորագրել էր Հայ Առաքելական եկեղեցու 10 հոգևորական։ Աբրահամյանը մեկնաբանել էր, որ հանդիպմանը մասնակցել է որպես Մայր Աթոռի եպիսկոպոսաց հանձնախմբի անդամ, և այն որևէ առնչություն չունի և չի կարող ունենալ Արցախի հիմնախնդրի և արցախցիներին հուզող հիմնահարցերի հետ։
