«3+3» հարթակի նախարարական հերթական հանդիպումը կանցկացվի Երևան կամ Բաքվում. ՀՀ ԱԳՆ

«3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի երրորդ հանդիպման համատեղ կոմյունիկեի համաձայն նախարարական հաջորդ հանդիպման վայրն ու ամսաթիվը կհամաձայնեցվեն դիվանագիտական ուղիներով, «Լուրերին» հայտնել է ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը:

Նրա խոսքով՝ այն կանցկացվի Երևանում կամ Բաքվում։ «Ընդհանուր ընկալմամբ` այդ հանդիպումը պետք է անցկացվի Երևանում կամ Բաքվում։ Փոխադարձաբար ընդունելի լուծում գտնելու ուղղությամբ քննարկումները կշարունակվեն, պայմանավորվածության լինելու դեպքում կտեղեկացնենք»,- նշել է Բադալյանը:

Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն Իրան ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել էր, որ պաշտոնական Բաքուն առաջարկել է «3+3» տարածաշրջանային ձևաչափի հերթական հանդիպումն անցկացնել Ադրբեջանում, իսկ հաջորդը՝ Հայաստանում: «Ներկայիս իրավիճակում չենք տեսնում հիմքեր, թե ինչու Երևանը չի ընդունի այս առաջարկը»,- նշել էր Բայրամովը:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մայիսին Երևանում հայտարարել էր, որ նախապատրաստվում է «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակում երկրների ներկայացուցիչների երրորդ հանդիպումը: ՌԴ ԱԳ նախարարը կողմ էր արտահայտվել, որ այդ հանդիպումները կայանան Երևանում և Բաքվում:

Leave a Comment