Բաքվում Իրանի արտգործնախարարը հանդիպումներ է ունեցել Իլհամ Ալիևի և Ջեյհուն Բայրամովի հետ

Բաքվում Իրանի արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչին հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Իլհամ Ալիևի հետ հանդիպման ընթացքում Աբբաս Արաղչին, ընդգծելով երկու ժողովուրդների միջև խորը արմատներ ունեցող կապերը, շեշտել է Իրանի վճռականությունն ու կամքը՝ ամրապնդելու և ընդլայնելու հարաբերությունները Ադրբեջանի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։ 

Անդրադառնալով հարևան պետությունների հետ հարաբերություններում երկարաժամկետ հեռանկարի կարևորությանը՝ Աբբաս Արաղչին ընդգծել է դիվանագիտական շարունակական խորհրդակցությունների դերը թյուրըմբռնումների վերացման և փոխադարձ խնդիրների կառավարման գործում։ Իր հերթին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Աբբաս Արաղչիի Բաքու կատարած այցը որակել է որպես պատմական այց, որը կարևոր դեր է խաղացել երկու երկրների միջև փոխըմբռնման ամրապնդման և հարաբերությունների բարելավման գործում։ Ադրբեջանի նախագահը, արտահայտելով իր ուրախությունը երկու երկրների միջև հարաբերությունների աճի միտումի կապակցությամբ, ընդգծել է Ադրբեջանի պատրաստակամությունը օգտագործելու բոլոր առկա հնարավորությունները հարաբերությունները ընդլայնելու համար։

Բաքվում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամլո ասուլիսի ընթացքում Իրանի արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչին, իրանական կողմի գոհունակությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների լավ ընթացքի վերաբերյալ և ընդգծել, որ իրենք աջակցում են երկու երկրների միջև խաղաղության գործընթացին: Ավելին` Աբբաս Արաղչին դրական է որակել՝ «3+3» հանդիպումը սկզբում Բաքվում, ապա Երևանում անցկացնելու Ադրբեջանի արած առաջարկը։

Leave a Comment