8 դեկտեմբերի 2025 – 13:42 AMT
PanARMENIAN.Net – Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է կաթողիկոսի հեռացումից հետո «Եկեղեցու նորոգման ճանապարհային քարտեզը»։
«1․ Կաթողիկոսական տեղապահի ընտրություն՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում գործող մեխանիզմների տրամաբանությամբ։
2․ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կանոնագրքի ընդունում. Կանոնագիրքը պետք է անդրադառնա․
ա) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորականի բարեվարքության կանոններին և դրանց ապահովման երաշխիքներին,
բ) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ֆինանսական թափանցիկությանը և դրա ապահովման երաշխիքներին,
գ) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ապաքաղաքական լինելու անհրաժեշտությանը և դրա ապահովման երաշխիքներին,
դ) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու գործունեության համապատասխանությանը ՀՀ Հարկային օրենսդրությանը և դրա ապահովման երաշխիքներին․ ՀՀ օրենսդրությունը իր հերթին կնախատեսի երաշխիքներ, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու գործունեությունից գոյացած և պետական բյուջե վճարված հարկերը և տուրքերը ամբողջությամբ կվերադարձվեն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն,
ե) հոգևոր ծառայողների սոցիալական երաշխիքներին և դրանց ապահովման երաշխիքներին այնպես, որ հոգևոր ծառայողները կուտակային կենսաթոշակային համակարգից, եկամտային հարկի վերադարձից, սոցիալական կրեդիտներից, առողջապահության համընդհանուր ապահովագրությունից լիարժեք օգտվելու հնարավորություն ստանան (ներկայումս հոգևոր ծառայողները հիմնականում չեն օգտվում այդ համակարգերից, վարձատրության արձանագրված համակարգ չունենալու պատճառով)։
3․ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրություններ՝ համաձայն նոր Կանոնագրքի։
Հ․Գ․ Կանոնագիրքը քննարկում և ընդունում է նման իրավասություն ունեցող եկեղեցական մարմինը։ Տեղապահի միջնորդության դեպքում, Կառավարությունը խորհրդատվական աջակցություն կցուցաբերի Կանոնագրքի նախագծի մշակման աշխատանքներին»,–ասվում է գրառման մեջ։
Սա վարչապետի կողմից արդեն երրորդ անդրադարձն է եկեղեցուն։ Դեկտեմբերի 7–ին նա գրել էր, որ ճիշտ կլինի, որ բոլոր եկեղեցիներում կիրակնօրյա պատարագից առաջ կատարվի ՀՀ օրհներգը։
Դեկտեմբերի 8–ին այլ գրառմամբ նա նշել է, որ պետք է քննարկել ՀՀ տարածքում եկեղեցիների մուտքի մոտ կամ ներսում ՀՀ պետական դրոշի առկայության հարցը։ Նա հավելել է, որ սա մի շարք երկրներում ընդունված պրակտիկա է։
Փաշինյանը դեկտեմբերի 7–ին պատարագի է մասնակցել Շիրակի թեմի առաջնորդանիստ Սուրբ Աստվածածնի՝ Յոթ Վերք եկեղեցում։ Շիրակի թեմի հոգևորականները հրաժարվել էին պատարագ մատուցել` Փաշինյանի ցանկությամբ զեղչելով կաթողիկոսի անունը։ Ուժայինները կապարակնքել են եկեղեցին, իսկ ավելի ուշ Յոթ Վերքում պատարագը մատուցել է Արմավիրի թեմից Մկրտիչ քահանան Մուշադյանը։