Օդի որակի ինդեքսի միջինացված արժեքները նոյեմբերին գտնվել են զգայուն խմբերի համար անառողջ միջակայքում

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Օդի որակի ինդեքսի միջինացված արժեքները նոյեմբերին գտնվել են զգայուն խմբերի համար անառողջ միջակայքում։ Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սիրարփի Հայկազյանը՝ ներկայացնելով չափման սարքերից ստացված տվյալները:
«Երևանի շինհրապարակներում տեղադրված օդի մոնիթորինգի 184 կայաններից 2025 թվականի նոյեմբեր ամսին ստացված տվյալների համաձայն՝ օդի ինդեքսի միջինացված արժեքը PM 2,5-ի համար կազմել է 142, իսկ PM 10-ի համար՝ 64: Այս արժեքները գտնվում են չափավոր կամ զգայուն խմբերի համար անառողջ միջակայքում»,-ասել է նա՝ հավելելով, որ 2024 թվականի միևնույն ժամանակահատվածի հետ համեմատությամբ` PM 2,5-ը կազմել է 101, PM 10-ը՝ 53:
2025 թվականի նոյեմբերի 20-30-ն ընկած ժամանակահատվածում AQI-ի (օդի որակի) ինդեքսի միջինացված արժեքը PM 2,5-ի համար կազմել է 180. սա այն ժամանակահատվածն է, երբ դիտվել է օդի որակի կտրուկ վատթարացում:
Զեկուցվել է նաև, որ անցած շաբաթվա վերջին կայաններից ստացված տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ տվիչների ցուցանիշները համեմատաբար նվազում են: