Ռուսական ԱԹՍ-ները Սումիի մարզում հարվածել են բնակելի շենքի. վիրավորներ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

08.12.2025 | 12:11

Ուկրաինայի Սումիի մարզի Ախտիրկա քաղաքում ինը հարկանի բնակելի շենք է վնասվել ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով, հայտնել է երկրի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունը, գրում է Meduza-ն։

Ռուսական անօդաչու սարքերը քաղաքի վրա հարձակվել են դեկտեմբերի լույս 8-ի գիշերը: Փրկարարների տվյալներով՝ անօդաչու սարքերը հարվածել են բազմահարկ շենքի տանիքին և պատին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել երկրորդից հինգերորդ հարկերի բնակարաններում:

Սումիի ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Գրիգորովը հայտնել է յոթ վիրավորի մասին։ Երկուսը դեռևս հիվանդանոցում են։

Պետական ​​արտակարգ իրավիճակների ծառայությունը նշել է, որ շենքում փրկարարական աշխատանքները ստիպված են եղել ընդհատել հետագա հարձակումների սպառնալիքի պատճառով։

Չեռնիգովում էլ ռուսական անօդաչու թռչող սարք է պայթել բազմահարկ շենքի մոտ, հայտնել է մարզային վարչակազմի ղեկավար Դմիտրի Բրիժինսկին։ Պայթյունի ալիքը կոտրել է պատուհաններ և դռներ, վնասել մեքենաները։ Երկու մարդ վիրավորվել է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment