8 դեկտեմբերի 2025 – 12:02 AMT
PanARMENIAN.Net – Երևանի քաղաքապետարանի դեկտեմբերի 8-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ներկայացվել են 2025 թվականի նոյեմբեր ամսվա օդի որակի վերաբերյալ ցուցանիշները, որոնք ստացվել են քաղաքում տեղադրված չափման սարքերից։ Ըստ այդմ՝ նոյեմբերին Երևանի շինհրապարակներում տեղադրված օդի մոնիթորինգի 184 կայանից ստացված տվյալների համաձայն՝ օդի ինդեքսի միջինացված արժեքը PM 2.5-ի համար կազմել է 142, իսկ PM 10-ի համար՝ 64: Այս արժեքները գտնվում են չափավոր կամ զգայուն խմբերի համար անառողջ միջակայքում:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նիստի ընթացքում ընդգծել է՝ երբ որևէ թեմա բարձրացվում է, Երևանի քաղաքապետարանի բոլոր կառույցները պարտավոր են համապատասխան տեղեկացվածություն ունենալ, հայտնում է 1lurer.am-ը։
«Եթե մենք խոսել ենք օդի որակի մասին և ասել ենք, որ տերև չպիտի վառվի, չի կարող հետո պարզվել, որ տերև է վառվել: Եթե ես եկել եմ որևէ վարչական շրջան, ասել եմ՝ այստեղ խնդիր է եղել, ապա պետք է վարչական շրջանի ղեկավարը ֆիքսի՝ ինչ ծավալի խնդիր է, ինչ գործողություն պիտի անի, ում պիտի նկատողություն տա, ում պիտի աշխատանքից ազատի, որովհետև վարչական շրջանի ղեկավարի պատասխանատվությունն է դա հասկանալը: Ամեն ինչ չէ, որ մատով պետք է ցույց տրվի», – նշել է Ավինյանը։
2024 թվականի միևնույն ժամանակահատվածի հետ համեմատությամբ PM 2․5-ը կազմել է 101, PM 10-ը՝ 53:
2025 թվականի նոյեմբերի 20-30-ն ընկած ժամանակահատվածում AQI-ի (օդի որակի) ինդեքսի միջինացված արժեքը PM 2․5-ի համար կազմել է 180. սա այն ժամանակահատվածն է, երբ դիտվել է օդի որակի կտրուկ վատթարացում:
Նաև զեկուցվեց, որ անցած շաբաթվա վերջի՝ կայաններից ստացված տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ տվիչների ցուցանիշները համեմատաբար նվազում են: