Պետք է քննարկվի եկեղեցիների մոտ ՀՀ պետական դրոշի առկայության հարցը․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է քննարկել Հայաստանում գտնվող եկեղեցիների մոտ ՀՀ պետական դրոշ տեղադրելու հարցը։

«Պետք է քննարկվի եկեղեցիների մոտ ՀՀ պետական դրոշի առկայության հարցը»,- հայտարարել է նա։

Փաշինյանը նաև մանրամասնել է, թե ինչու է առաջարկել պատարագներից առաջ բոլոր եկեղեցիներում հնչեցնել ՀՀ օրհներգը։ Նա մեջբերել է Հայ առաքելական եկեղեցու պատարագի տեքստի մի հատված։

«Ասվում է․ խորհուրդ խորին, անհասանելի, անսկիզբ, որ անմատույց լույսի առագաստում եղող, քո վերին պետությունը, հրեղենների դասը գերապանծ փառքով զարդարեցիր։ Այսինքն, խոսվում է վերին պետության մասին, և պատարագից առաջ օրհներգը հնչեցնելը կարձանագրի կապը վերին և ներքին պետությունների միջև»,- բացատրել է Փաշինյանը։

Դեկտեմբերի 7-ին Փաշինյանն առաջարկել էր պատարագից առաջ բոլոր եկեղեցիներում հնչեցնել ՀՀ օրհներգը։

Վարչապետն ամիսներ է՝ պահանջում է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրաժարականը՝ հայտարարելով, որ նա զավակ ունի և խախտել է կուսակրոնության ուխտը։ Փաշինյանն այս փուլում մասնակցում է պատարագների, որոնց ժամանակ զեղչվում է կաթողիկոսի անունը։ Նա հաստատել էր, որ պատարագներից առաջ նաև Ազգային անվտանգության ծառայությունն է միջնորդում չհնչեցնել կաթողիկոսի անունը։

Մի խումբ եպիսկոպոսներ և արքեպիսկոպոսներ, որ հանդիպել էին Փաշինյանին, կոչ էին արել կաթողիկոսին «հանգստյան կոչվել» և նոր ընտրություններ կազմակերպել։

Կարդացեք նաև՝

«Չուլանացված» եկեղեցիներից մինչև կաթողիկոսի փոփոխության կոչ․ ի՞նչ օրակարգ է փորձում պարտադրել Փաշինյանը
Ինչո՞ւ են Սամվել Կարապետյանին կալանավորել. եկեղեցի, քաղաքականություն, ներդրումային ռիսկեր
Ինձ վերագրվող տեսանյութերը կեղծիք են և սուտ․ Արշակ արքեպիսկոպոս

Leave a Comment