Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի կողմից դեկտեմբերի 10-12-ը հրավիրած եպիսկոպոսաց ժողովի գումարումը ժամանակավորապես հետաձգվում է, հայտնել են Մայր Աթոռից։
Մայր Աթոռից հավելել են, որ հետաձգման որոշումը կապված է եպիսկոպոսների խնդրանքի և եկեղեցուն առնչվող գործընթացների հետ։
Մասնավորապես, նկատի են ունեցել «Հայաստանում տիրող ներկա իրավիճակը, եկեղեցականների նկատմամբ իրականացվող բռնաճնշումները, այդ թվում՝ կալանավորումները»։
Մայր Աթոռը դեկտեմբերի 1-ին հայտարարել էր եպիսկոպոսաց ժողով հրավիրելու մասին։ Ժողովին նախորդել էին կաթողիկոսի և հոգևորականների նկատմամբ իշխանությունների գործընթացները, եկեղեցուն առնչվող հայտարարությունները։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամիսներ է՝ պահանջում է կաթողիկոսի հրաժարականը՝ հայտարարելով, որ նա զավակ ունի և խախտել է կուսակրոնության ուխտը։ Փաշինյանն այս փուլում մասնակցում է պատարագների, որոնց ժամանակ զեղչվում է կաթողիկոսի անունը։ Նա հաստատել էր, որ պատարագներից առաջ նաև Ազգային անվտանգության ծառայությունն է միջնորդում չհնչեցնել կաթողիկոսի անունը։
Փաշինյանի հետ հանդիպումից հետո մի խումբ եպիսկոպոսներ և արքեպիսկոպոսներ կոչ էին արել կաթողիկոսին «հանգստյան կոչվել» և նոր ընտրություններ կազմակերպել։ Հայտարարությունն ստորագրել էր Հայ Առաքելական եկեղեցու 10 հոգևորական։ Նրանց մեծ մասն ավելի վաղ ստորագրել էր Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի հրաժարականը պահանջող հայտարարություն, ինչպես նաև մասնակցել էր Փաշինյանի հետ հանդիպմանը։
Այս պահի դրությամբ կալանքի տակ են Բագրատ, Միքայել և Արշակ արքեպիսկոպոսները, Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը։ Կալանքի տակ են նաև Գարեգին 2-րդի եղբայրն ու եղբորորդին։
Կարդացեք նաև՝
