Ով է պատարագիչ քահանան Յոթ Վերք եկեղեցում

Քաղաքականություն

07.12.2025 | 12:05

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների մասնակցությամբ Գյումրիի Յոթ Վերք եկեղեցում պատարագ է մատուցում Արմավիրի թեմից Տեր Մկրտիչ քահանա Մուշադյանը։ Նա մասնակցել է նաև Վաղարշապատում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ամփոփիչ հանրահավաքին։

Թեմի առաջնորդ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը նույնպես ներկա է պատարագին։

Նա եպիսկոպոսաց դասի այն 10 ներկայացուցիչներից էր, որը կաթողիկոսի ներկայիս ընթացքը «հակականոնական, վտանգավոր, վնասակար» էր գնահատել։ Նոյեմբերի 27-ին ՀԱԵ մի խումբ եպիսկոպոսներ իրենց ստորագրած հայտարարությամբ պահանջել էին նաև Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի և Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի հեռացումը եկեղեցուց: Նույն օրը նրանց մեծ մասը հանդիպել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը նրանց թվում չէր։

Ավելի վաղ հայտնել էինք, որ իշխանական թիմը փնտրում է հոգևորականի, որը պատրաստ կլինի Փաշինյանի ներկայությամբ պատարագի ընթացքում զեղչել Ամենայն Հայոց կաթողիկոսի անունը։ Շիրակի թեմի 24 հոգևորականներից որևէ մեկը պայմանին չէր համաձայնել։ Մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ պատարագը մատուցելու է Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցու քահանա Տեր Արարատ Օրդոյանը, սակայն դրանք չհաստատվեցին։

Մինչ Փաշինյանը Յոթ Վերքում է, Շիրակի թեմի քահանաները պատարագի են Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում։

Եվգենյա Համբարձումյան

Leave a Comment