Ներկայացվել է Զբաղվածության 2025–2031 ռազմավարական ծրագիրը․ քննարկվել են առաջնահերթություններն ու իրականացման քայլերը

Հասարակություն

06.12.2025 | 16:51

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ՄԱԿ Զարգացման ծրագիրը և Ավստրիայի զարգացման գործակալությունը համատեղ քննարկել են Զբաղվածության 2025–2031 թթ. ռազմավարական ծրագիրը, որի ընթացքում ներկայացվել են ոլորտի երկարաժամկետ նպատակները, առաջնահերթությունները և ծրագրի իրականացման մեխանիզմները՝ ընդգծելով երիտասարդների, կանանց և խոցելի խմբերի զբաղվածության բարձրացման կարևորությունը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

«Իր ողջույնի խոսքում նախարար Թորոսյանն ընդգծել է զբաղվածության ոլորտում սահմանված ռազմավարական նպատակների իրականացման ուղղությամբ հետևողական, թիրախային և երկարաժամկետ աշխատանքների անհրաժեշտությունը։ Այս համատեքստում նախարարը նաև առանձնակի շեշտել է գործընկեր մարմինների և կազմակերպությունների հետ կառուցողական ու համակարգված համագործակցության շարունակականությունը։

«Ամերիա» խորհրդատվական ընկերության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը ներկայացրել է Զբաղվածության 2025-2031 թթ․ ռազմավարական ծրագրի հիմնային սկզբունքները, կառուցվածքը, սահմանված առաջնահերթություններն ու արդյունքային շրջանակը։

Իր ելույթում բանախոսն ընդգծել է նաև չսովորող, չաշխատող երիտասարդների զբաղվածության աճին, կանանց տնտեսական զորեղացմանը, աշխատաշուկայում նրանց ներուժի լիարժեք օգտագործմանն ու անապահով ընտանիքների կայուն աշխատանքի հնարավորությունների ստեղծմանը միտված ծրագրերի իրականացման կարևորությունը։

ՄԱԿ զարգացման ծրագրի Նորարարության և կայուն ֆինանսների պորտֆելի ղեկավար Տիգրան Ճորոխյանը մանրամասնել է արդյունքահեն ֆինանսավորմամբ ակտիվ զբաղվածության ծրագիրը, խոսել թվային գրագիտության կարևորության մասին։

Քննարկումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի շրջանակում մասնակիցները հանդես են եկել դիտարկումներով և առաջարկներով»,- ասված է հաղորդագրությունում։

Leave a Comment