Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի հոգևորականները հայտարարություն են տարածել դեկտեմբերի 7-ին Գյումրու Սուրբ Յոթ Վերք եկեղեցում մատուցվելիք պատարագի վերաբերյալ՝ մեկնաբանելով առանց Ամենայն Հայոց կաթողիկոսի անունը հիշատակելու անցկացնելու պահանջին, որը դրվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ արարողություններին:
Հոգևորականները վստահեցրել են, որ հավուր պատշաճի կանոնական պատարագ կմատուցեն և չեն զեղչի Գարեգին Բ Կաթողիկոսի ու թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի անունները:
Շիրակի թեմի հոգևորականները նշել են, որ եթե իրենցից բացի որևէ մեկը այստեղ պատարագ մատուցի, կնշանակի՝ առաջնորդանիստը բռնազավթված է, որով խոչընդոտվում է Եկեղեցու Շիրակի թեմի օրինական գործունեությունը, ինչպես նաև իրավասու հոգևորականի կողմից մատուցումը:
«Յոթ Վերքը հաղթահարել է թուրքական երկու օկուպացիա, սա՛ էլ կհաղթահարվի պատվով», – ասված է նրանց հայտարարության մեջ:
Գուգարաց թեմի հոգևոր դասը ևս՝ առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Հակոբյանի գլխավորությամբ, իր զորակցությունն է հայտնել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին: Թեմի հայտարարության մեջ ասվում է. «Անվերապահ կանգնած ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, նրա զինվորյալ Միաբանության և ուխտապահ հոգևորականության, Սուրբ Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների կողմից հաստատված, Սրբազան հայրապետերով մեզ հասած առաքելաշավիղ և ազգընտիր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողքին»:
Նախօրեին Փաշինյանը հայտարարել էր, որ կմասնակցի դեկտեմբերի 7-ի պատարագին՝ պայմանով, որ Վեհափառի անունը չհիշվի, և որ ԱԱԾ-ն զբաղվում է այդ հարցի լուծմամբ։ Ամիսներ շարունակ Փաշինյանը պնդում է, որ կաթողիկոսը խախտել է կուսակրոնության կանոնները» և պետք է լքի պաշտոնը։ Այս ընթացքում նա մասնակցում է այն հոգևորականների պատարագներին, ովքեր կարգալույծ են, եկեղեցու մասին հայտարարություններ են արել կամ հրաժարվել են նշել կաթողիկոսի անունը ծառայության ընթացքում: Էջմիածնում դատապարտել են պատարագի ժամանակ կաթողիկոսի անունը չհիշատակելը:
