Ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանը հաստատում է մամուլում հրապարակված տեղեկությունները, որ այցելել է ԱԱԾ մեկուսարանում գտնվող Միքայել և Բագրատ Սրբազաններին. «Այո, շատ ջերմ զրույց եմ ունեցել Բագրատ Սրբազանի հետ»,- ասաց Հովիկ Աղազարյանը:
Դիտարկմանը, որ նախկինում Բագրատ Սրբազանին շատ խիստ քննադատում էր, ինչպե՞ս է ստացվել, որ որոշել է այցելել, Աղազարյանը պատասխանեց, որ հակասություն չկա այդտեղ.
«Ոչ, հիմա էլ եմ քննադատում, գնացել եմ, իմ տեսակետներն եմ հայտնել, իրենք իրենց տեսակետներ են արտահայտել: Շատ ջերմ հանդիպում է եղել, շատ հաճելի էր ինձ համար նման մարդկանց հետ շփվելը: Ես ինչ առաջ ասել եմ՝ շարժման մասին իմ պատկերացումները, Կանադայի քաղաքացի լինելու մասին, Սահմանադրության մասին, որն այսօր վարչապետն է ոտնահարում…, իմ տեսակետները հայտնեցի, և խորին հարգանք եմ տածում իր նկատմամբ: Իմ անունից էլ ասել եմ, որ այն, ինչ կատարվում է Միքայել և Բագրատ Սրբազանների շուրջ, կապիկություն է»,- ասաց Աղազարյանը:
«News.5tv.am»-ը հետաքրքրվեց նաև, թե Միքայել և Բագրատ Սրբազաններին քաղբանտարկյալ համարո՞ւմ է.
«Կարող եմ համարել, խնդիր չկա, բայց իրենք հոգևորականներ են, իրենք ավելի բարձր են, քան քաղբանտարկյալը: Եթե կարելի է իրենց համար ուրիշ ձևակերպում գտնել, ավելի հետաքրքիր կլինի, որովհետև Միքայել կամ Բագրատ Սրբազանները քաղաքական գործիչներ չեն, իրենք ավելի վեհ, ավելի բարձր բանի համար են անազատության մեջ»,- ասաց Աղազարյանը: