Փաշինյանն ու Քոքերը անդրադարձել են TRIPP և «Խաղաղության խաչմերուկ» նախագծերին

Փաշինյանն ու Քոքերը անդրադարձել են TRIPP և «Խաղաղության խաչմերուկ» նախագծերին

5 դեկտեմբերի 2025 – 18:37 AMT

PanARMENIAN.Net – Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Միացյալ Թագավորության պաշտպանության պետնախարար Վերնոն Քոքերի գլխավորած պատվիրակությանը։

Քոքերը վերահաստատել է Մեծ Բրիտանիայի աջակցությունը հայ-ադրբեջանական հարաբերություններում խաղաղության հաստատմանը՝ վստահություն հայտնելով, որ այն կնպաստի ողջ տարածաշրջանի կայունությանն ու համագործակցության ընդլայնմանը։

Զրուցակիցները կարծիքներ են փոխանակել նաև TRIPP և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունների շուրջ։ Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ Կառավարությունը շահագրգիռ է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված հռչակագրի շրջանակում տարածաշրջանային հաղորդակցման ուղիների ապաշրջափակմամբ՝ ներառյալ միջազգային ներդրումների ներգրավումը։

Վարչապետn ընդգծել է վերջին շրջանում հայ-բրիտանական հարաբերություններում առկա աշխույժ երկխոսությունն ու համագործակցությունը։ Փաշինյանը նշել է, որ կողմերն ունեն բազմաբնույթ օրակարգ, որը ներառում է տարբեր ոլորտներ ու ուղղություններ, և ընդգծել է, որ ՀՀ Կառավարությունն առաջնահերթություն է տալիս բարձր մակարդակի փոխայցելություններին՝ որպես հարաբերությունների հետևողական խորացման խթան։

Քոքերը կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելը։ Նա նշել է, որ հայ գործընկերների հետ արդեն ունեցած քննարկումները արդյունավետ են եղել և ՄԹ-ն պատրաստ է շարունակել սերտ երկխոսությունը՝ տարբեր ուղղություններով համագործակցությունը զարգացնելու նպատակով։

Կողմերը կարևորել են համատեղ նախաձեռնությունների իրականացումը, մասնավորապես՝ ռազմական կրթության և կիբեռանվտանգության ոլորտներում։

Վաշինգտոնում ՀՀ, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարներ Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևն ու Դոնալդ Թրամփը պաշտոնապես համաձայնության են եկել «Թրամփի ուղին» գործարկելու շուրջ։

«Երթուղին թույլ կտա, որ Ադրբեջանը կարողանա հասնել Նախիջևան՝ լիովին հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը։ Հայաստանը նաև բացառիկ գործընկերություն է ստեղծում ԱՄՆ-ի հետ, որպեսզի զարգացնի այս միջանցքը, ժամկետը կարող է մինչև 99 տարով երկարաձգվել, խոստացել են 99 տարուց հետո էլ երկարաձգել 99 տարով։ Ենթակառուցվածքային լուրջ զարգացումներ ենք ակնկալում, ամերիկյան ընկերություններն անհամբեր սպասում են՝ մուտք գործելու այս երկրներ և մեծ գումարներ ծախսելու, ինչը տնտեսական օգուտներ կբերի մեր երեք պետություններին»,–ասել է Թրամփը։

Սեպտեմբերի 11-ին Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի կողմից ամերիկյան կողմին ոչ թե հող է տրվել վարձակալությամբ 99 տարով, այլ տրամադրվել է կառուցապատման իրավունք։

Leave a Comment