Մայր Աթոռը դատապարտել է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի ձերբալությունն ու կալանքը՝ պահանջելով ազատ արձակել նրան ու կալանքի տակ գտնվող հոգևորականներին։
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պահանջում է անհապաղ դադարեցնել արքեպիսկոպոսի և ազատազրկված մնացյալ եկեղեցականների ապօրինի հետապնդումները և վերականգնել նրանց խախտված իրավունքները»,- ասված է հայտարարության մեջ։
Էջմիածինը «մտացածին ու անհիմն» է անվանել նրան առաջադրված մեղադրանքները՝ նշելով, որ նրա նկատմամբ գործընթացը եկեղեցու դեմ իշխանության գործողությունների շարունակությունն է։
«Սույն գործողությունն արտահայտությունն է եկեղեցու նկատմամբ վերջին շրջանում սանձազերծված բռնաճնշումների և շարունակությունը հոգևորականների նկատմամբ քաղաքական հետապնդման գործընթացի: Բարձրաստիճան հոգևորականներին շինծու մեղադրանքներով կալանավորելը իշխանության եկեղեցահալած քաղաքականության և եկեղեցականների դեմ ատելության խոսքի հերթական դրսևորումն է»,- հավելել են Մայր Աթոռից։
Արշակ արքեպիսկոպոսին դեկտեմբերի 4-ին ձերբակալել, իսկ դեկտեմբերի 5-ին կալանավորել էին մի խումբ անձանց կողմից նախնական հանաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելու հոդվածով։ Փաստաբան Արսեն Բաբայանը հայտնել էր, որ արքեպիսկոպոսը մեղադրվում է 2018-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի դեմ ակցիա իրականացնողներից մեկի պայուսակում իբր թմրամիջոց դնելու մեջ։
Հոկտեմբերին արքեպիսկոպոսին վերագրվող տեսանյութեր էր հրապարակել Armenian WikiLeaks տելեգրամյան ալիքը՝ նշելով, թե «արքեպիսկոպոսը սեռական կապի մեջ է իր քեռակնոջ հետ»։ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» ՀՀ գլխավոր դատախազություն էր ուղարկել հանցագործության վերաբերյալ հաղորդում, տեսանյութերի տարածման առնչությամբ ՔԿ-ն քրեական վարույթ էր նախաձեռնել, փաստաբանը հրապարակել էր ՔԿ-ի փորձաքննության արդյունքները։ Արքեպիսկոպոսը զրպարտություն և հերյուրանք էր անվանել տեսանյութը՝ ավելի ուշ վերահաստատել դրանց կեղծ լինելը։
Կարդացեք նաև՝
