Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է դեկտեմբերի 4-ին մտացածին ու անհիմն մեղադրանքներով Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի ձերբակալումը և նրա նկատմամբ դատարանի կողմից կիրառված կալանավորումը։ Այս մասին հայտարարություն է տարածել Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը: «Սույն գործողությունն արտահայտությունն է Եկեղեցու նկատմամբ վերջին շրջանում սանձազերծված բռնաճնշումների և շարունակությունը հոգևորականների նկատմամբ քաղաքական հետապնդման գործընթացի: Բարձրաստիճան հոգևորականներին շինծու մեղադրանքներով կալանավորելը իշխանության եկեղեցահալած քաղաքականության և եկեղեցականների դեմ ատելության խոսքի հերթական դրսևորումն է»,- ասված է հայտարարության մեջ։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պահանջում է անհապաղ դադարեցնել Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի և ազատազրկված մնացյալ եկեղեցականների ապօրինի հետապնդումները և վերականգնել նրանց խախտված իրավունքները։