Բբռնցքամարտի WBL և WBF վարկածով աշխարհի, WBF վարկածով Եվրոպայի, ուժային եռամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Գինեսի ռեկորդակիր Յուրի Սաքունցը պարգևատրվել է ԿԳՄՍՆ շնորհակալագրով, հայտնում են նախարարությունից։
Մարզիկին ընդունել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը։ Շնորհակալագիրը հանձնվել է՝ բարձր գնահատելով Սաքունցի ջանքերը՝ ուղղված նոր նվաճումներ գրանցելուն և Հայաստանի մարզական պատիվը միջազգային հարթակներում բարձր պահելուն:
Սաքունցն ընդգծել է, որ իր հաղթանակները նաև իր երկրինն ու ժողովրդինն են․ «Շարունակելու եմ անել առավելագույնը՝ հայկական սպորտը միջազգային ասպարեզում առավել ճանաչելի դարձնելու նպատակով»:
Նշվում է, որ հանդիպման շրջանակում քննարկվել են նաև սպորտի վերաբերյալ ընթացակարգային մի շարք հարցեր:
Մարզիկը պրոֆեսիոնալ ռինգում արդեն 20 մենամարտ է անցկացրել և նույնքան հաղթանակ տարել, որից 18-ը՝ նոկաուտով: Առաջիկայում նա մենամարտեր կունենա Գերմանիայում և Ավստրիայում:
Նոյեմբերի 23-ին Թաիլանդում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում Սաքունցը հերթական տպավորիչ հաղթանակն էր տարել՝ սուպեր թեթև քաշային կարգում դառնալով UBO վարկածով աշխարհի չեմպիոն։
Սաքունցը Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում կայացած պրոֆեսիոնալ մենամարտի առաջին ռաունդում նոկաուտի էր ենթարկել թաիլանդացի մրցակից Ափհիսիթ Նուալեին և իր հաղթանակը նվիրել «Արաբո» ջոկատի մարտիկներին։
Յուրի և Արթուր Սաքունց եղբայրները նաև «Գինեսի» նոր ռեկորդ էին սահմանել՝ մեկ մատով քաշելով 49 տոննա ընդհանուր քաշով 4 բեռնատար։
