5 դեկտեմբերի 2025 – 14:28 AMT
PanARMENIAN.Net – «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով Արցախյան հակամարտության կարգավորման հետ կապված վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած փաստաթղթերին, ասել է, որ փաթեթը կիսատ էր, էական թղթեր չկային, որոնք բանակցային գործընթացի ամբողջականությունը կապահովեին, հայտնում է Panorama.am-ը։
«Զավեշտը վերաբերում էր Քի Վեստի փաստաթղթին, փոխարենը տպում են ինչ-որ թղթի կտոր, բառակույտ, որը իբրև թե Փաշինյանին փոխանցել էր Լևոն Տեր-Պերոսյանի նախընտրական շտաբը 2008 թվականին։ Օրիգինալ չկա, ընդամենը հավաքած տեքստ է։
Քի Վեսթի համաձայնագրով Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի սահմաններում այն տարածքները, որոնք հայկական տարածքների վերահսկողության ներքո էին,անցնում էին հայկական կողմի ինքնիշխանությանը, Ադրբեջանը որևէ պահանջ չէր ներկայացնում։ Լաչինի միջանցքն ունենում էր նույն կարգավիճակը, ինչ Լեռնային Ղարաբաղը, այսինքն Հայաստանի մաս էր կազմում, ապաշրջափակում էին բոլոր կապուղիները։ Փոխարենը Հայաստանն Ադրբեջանին էր տրամադրում միջանցք անխոչընդոտ, այստեղ գոնե այդ մասին անկեղծորեն նշվում է։ Այդ միջանցքի օդային տարածքը, տակի հողը հայկական էր, այսինքն Ադրբեջանին անցնում էր որոշակի հաստատությամբ ասֆալտ։ Սա էր իրականությունը»,ասել է նա։
Պատգամավորը նաև խիստ քննադատությամբ է արձագանքել Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանավորմանը։
«Սա խայտառակություն է, սա Հայաստանում միահեծան անսահմանափակ բռնակալության հաստատման փորձ է, ընդ որում՝ ամենացինիկ բռնակալության հաստատման փորձ»,–ասել է նա։
Նրա դիտարկմամբ, Արշակ սրբազանին առաջադրված մեղադրանքն ուղղակիորեն նվաստացնում է ողջախոհությունը և վիրավորական է սեփական ժողովրդի համար։
«Արշակ Սրբազանին փորձեցին վարկաբեկել, չստացվեց, Արշակ Սրբազանն ամուր է, պինդ է, Վեհափառի թիկունքին է կանգնած, Վեհափառը կանգնած է Արշակ Սրբազանին թիկունքին։ Եվ ահա ծնվում է մի խայտառակ, զավեշտալի մեղադրանք։ Ներողություն եմ խնդրում այս արտահայատությանս համար, բայց «ջեբը պլան գցելը» այլ հաստատություններին հատուկ գործընթաց է, հատուկ ոճ»,–նշել է նա։
Կառավարության պաշտոնական կայքում տեղադրվել են փաստաթղթեր, որոնք վերաբերում են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին։
«Հրապարակվում են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող պետական գերատեսչություններում առկա մի շարք փաստաթղթեր, որոնք պատկերացում են տալիս մինչև 2020 թվականը տեղի ունեցած բանակցային գործընթացի բովանդակության մասին։ Տեղադրված են նաև հրապարակայնորեն հասանելի մի շարք փաստաթղթեր, որոնք ուղիղ առնչություն ունեն առաջին խումբ փաստաթղթերի հետ»,–ասվում է հրապարակման մեջ։