Փնտրվում է հոգևորական Փաշինյանի «շրջիկ պատարագն» անելու համար – 5tv


Կիրակի Գյումրու 7 վերք եկեղեցում Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է պատարագի մասնակցել, սակայն պատարագիչ քահանա այդպես էլ չի գտնվում: Այս օրը 7 վերք եկեղեցում Տեր Գառնիկ քահանան պետք է պատարագ անցկացներ, սակայն նա այլ եկեղեցում է պատարագելու: 

Տեր հորը «News.5tv.am»-ը հարցրեց՝ իշխանական շրջանակները կամ ԱԱԾ-ն իր հետ կապվե՞լ են, պահանջե՞լ են Ամենայն հայոց հայրապետի անունը զեղչել. «Ինձ ոչ մեկը ոչ մի հարցով չի դիմել, ուղղակի ես ասել եմ, որ եթե ես պատարագեմ, ապա ես միանշանակ հիշատակելու էի Վեհափառի անունը: Ես գործում եմ եկեղեցու կանոններից ներս, ուրիշ ավելի բան չեմ ասել»,-ասաց Տեր Գառնիկ քահանա Ավոյանը: Նա ասաց, որ թեմից ոչ մի հոգևորական կիրակի չի լինելու 7 վերքում, չեն լինելու անգամ դպիրներ, սարկավագներ: 

Հոգևորականին հարցրինք՝ եթե թեմից որևէ հոգևորական 7 վերքում պատարագ չի անելու, չի՞ ստացվում, որ Նիկոլ Փաշինյանը փաստացի օկուպացնում է 7 վերք եկեղեցին. « Դե հիմա…, ինչ ուզում, անում են, ինչ կարող եմ ասել, տեսնում եք»,- արձագանքեց հոգևորականը: Հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է, որ Փաշինյանի կողմն անցած սրբազաններից մեկը պատարագ մատուցի, սրբազաններն առհասարակ պատարագ մատուցո՞ւմ են. Տեր Գառնիկը պատասխանեց, որ այլ թեմերի հոգևորականները միայն թեմի առաջնորդի թույլտվությամբ կարող են պատարագ մատուցել, ինչը այս պարագայում չկա.

«Չգիտեմ ով է մատուցելու, առհասարակ սրբազանները պատարագ մատուցում են, այդ իմաստով հնարավոր է, որ նաև սրբազան գա: Ամեն ինչ հնարավոր է, եթե  կարգալույծ եղած հոգևորականն է պատարագ մատուցում, ուրեմն ամեն բան հնարավոր է»,- ասաց Տեր Գառնիկը՝ վստահեցնելով, որ բացառվում է, որ ինքը պատարագի ժամանակ Վեհափառին չհիշատակի:

Leave a Comment