ԱԺ ճեպազրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը նշեց, որ եթե որևէ մեկին մեղադրում են օտարերկրյա գործակալ լինելու մեջ, ապա պետք է հարուցվի համապատասխան քրեական գործ, մինչդեռ նման գործեր գոյություն չունեն։ Այսպես նա արձագանքեց վարչապետ Փաշինյանի նոր պնդմանը, թե Կաթողիկոսը ենթարկվել է օտարերկրյա «մայորի»։
«Մենք հարցումներ ենք ուղարկել՝ պարզելու՝ կա՞ նման գործ որևէ կուսակցության կամ զինվորականի վերաբերյալ։ Պատասխանները միանշանակ են՝ այդպիսի գործեր չկան։ Իսկ հիմա նման մեղադրանք են հնչեցնում Կաթողիկոսի հասցեին։ Եթե մարդուն հայտարարում եք գործակալ, պետք է շարժել քրեական ընթացակարգ, ոչ թե ձևական մեղադրանքներ առաջ քաշել»,– ասաց Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ այս իրավիճակը հիշեցնում է բռնապետական համակարգերին բնորոշ պրակտիկա, որտեղ իրավապահները ծառայում են քաղաքական իշխանությանը։
Հարցին, թե մարդիկ գուցե ճնշումներին չեն դիմանում, Խաչատրյանը արձագանքեց․ «Մամուլը ճնշման տակ չէ՞։ Եթե ճնշումը մեծ է և չեն կարողանում կատարել իրենց աշխատանքը, թող դիմեն Կաթողիկոսին կամ ավագանուն։ Ասում են՝ երկրում գործեր շատ կան, թող իրականում դրանցով զբաղվեն»։