Ես չէի քնում, վեր էի թռնում ամեն չխկոցից, ամբողջ օրը բղավում էի երեխաներիս վրա․ Հետտրավմատիկ սթրեսային խանգարումը հաղթահարած բժիշկ

«Դու երբևէ ատե՞լ ես սիրելիներիդ միայն այն բանի համար, որ իրենք ամեն օր քնում են։ Ուղղակի քնում։ Ես ատել եմ։ Հետո ատել եմ ինձ դրա համար։ Բայց դու ուղղակի չես պատկերացնի, թե ինչ է նշանակում չքնելը․ մի օր, երկու, տասը, հարյուր։ Դու ուղղակի խելագարվում ես։ Դու սկսում ես նախանձել նրանց, ովքեր քնում են, հետո ատել, որովհետև իրենք կարողանում են, իսկ դու` ոչ»,– սկսում է 42-ամյա Արթուրը (անունը փոխված է)։

44-օրյա պատերազմի օրերին երիտասարդ բժիշկը կամավոր մեկնեց Արցախ։ Մինչ այդ, երևանյան հիվանդանոցում, երբ բերեցին առաջին վիրավորներին, հասկացավ՝ սա այն պատերազմը չէր, որի մասին գիտեր․ ոչ մի զինվոր հրազենային վիրավորում չուներ։

Սեպտեմբերի 29-ի գիշերն էր, երբ մյուս կամավորների հետ նստեց շտապօգնության մեքենան։ Հիշում է՝ ճանապարհին ոչ ոք պատերազմից չէր խոսում, կարծես հետաձգելով առերեսումը։ Արդեն ճանապարհին հասկացան՝ վիճակն ավելի բարդ է, քան պատկերացնում էին․ խոցված ճանապարհներով, առանց լույսերի մի կերպ հասան Ստեփանակերտ։

«Մենք ու արցախցի բժիշկներն այնքան տարբեր էինք առաջին օրերին․ իրենք մի տեսակ շատ պատրաստ ու կազմակերպված էին, ոչ մեկի մեջ խուճապ չկար։ Ռեսուրսը չէր հերիքում, վիրահատարանների դռները չէին փակվում, բայց այդ պահին էլ հասցնում էին մեզ տալ անհրաժեշտ ինֆորմացիան, կազմակերպել մեր գործը։ Մենք՝ նոր գնացածներս, չէինք հասկանում՝ ուր ենք ընկել, ինչ է կատարվում։ Բոլոր բժիշկները մահը լավ ճանաչում են, բայց սուտ է, թե մենք հարմարվում ենք դրան, հատկապես՝ այդ ծավալի ու այդ խտության մահվան հետ հարմարվել չի լինում։ Դա շատ հակաբնական է»,– ասում է Արթուրը։

Ամեն օր ավելի բարդ էր, քան նախորդը։ Վիրավորների թիվը գնալով ավելանում էր, քնելու, սնվելու ժամանակ չկար։ Երջանկության միակ կարճատև րոպեները տեսազանգով կնոջ և դուստրերի հետ խոսելն էր։ Ասում է՝ դա միակ բանն էր, որ իրեն կապում էր կյանքի հետ։ Արթուրը Արցախում մնաց մինչև նոյեմբերի 10-ը։ Այդ ընթացքում երկու անգամ տուն եկավ՝ կարճատև այցերով։

«Արդեն այդ ժամանակ զգում էի, որ ինչ-որ բան այն չէ։ Քունս շատ հատվածային էր։ Աննկարագրելի հոգնած էի՝ թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես, ու երազում էի քնի մասին, բայց հենց աչքերս փակում էի, սարսափելի սրտխփոց էր առաջանում մոտս, վեր էի թռնում՝ ամբողջությամբ քրտինքի մեջ։ Մինչև վերադարձս երազում էի ձագերիս գրկելու մասին, մտածում էի՝ իրենց գրկեմ, ամեն ինչ տեղը կընկնի։ Իսկ տանն արդեն նյարդերիս վրա ազդում էին նրանց աղմուկը, ուրախ ճիչերը։ Եվ խնդիրն այն էր, որ արդեն գիտակցորեն էլ չէի կարողանում ինքս ինձ հասկացնել, որ երեխա են, և դա շատ բնական է։ Ահավոր նյարդային էի դարձել»,– պատմում է նա։

Արթուրը խոստովանում է՝ այն մասին, որ կնոջ հետ նաև սեքսուալ բնույթի խնդիրներ ունի, չէր էլ մտածում։ Վերադարձի կարճ օրերին ցանկության բացակայությունն ու խուսափողական վարքը վերագրում էր գերհոգնածությանն ու նյարդային վիճակին և վանում մտքերն այն մասին, որ դա խնդիր է։

Արթուրն ասում է՝ 5 տարի անց էլ, երբեմն, երբ փակում է աչքերը, երկու տեսարան է աչքի առաջ գալիս՝ հոկտեմբերյան մի օր, երբ հերթական շտապօգնության մեքենան կանգնեց հիվանդանոցի մուտքի մոտ, և վերադարձի օրը՝ Շուշիի մատույցներում։

«Հոկտեմբերի կեսերն էր․ ամեն նոր եկող շտապօգնության հետ հասկանում էինք, որ օգնելու քիչ բան կա արդեն։ Հիշում եմ՝ լուսադեմ էր, մեքենան կանգնեց հիվանդանոցի բակում, մոտեցա, մտքումս աղոթում էի՝ գոնե մեկը ողջ լինի, գոնե մեկը։ Դռները բացվեցին․ ոչ ոք ողջ չէր։ Երկրորդ տեսարանը, որ մինչև այսօր ինձ հանգիստ չի տալիս, Շուշիի մատույցներում էր։ Մեքենան, որով վերադառնում էինք, անցնում էր ճանապարհով, որի երկայնքով՝ երկու կողմերում, անթիվ-անհաշվելի դիակներ էին։ Ինձ թվում է՝ իմ դժոխքը դա էր կամ, ավելի ճիշտ, իմ քավարանը, որովհետև ես մինչև հիմա երբեմն «անցնում եմ» այդ ճանապարհով»,– ասում է նա։

Պատերազմից հետո Արթուրը վերադարձավ Երևան, բայց տուն չգնաց։ Արվարձաններից մեկում տուն էր վարձակալել և շուրջ երկու ամիս ապրեց բոլորովին մենակ։ Ասում է՝ չէր ուզում որևէ մեկին տեսնել՝ ո՛չ ընտանիքին, ո՛չ ընկերներին։ Համոզված էր, որ մեկուսացումը կօգնի մտքերն ի մի բերել, հաղթահարել օտարումը, որ զգում էր մյուսների նկատմամբ։ Չէր ուտում, չէր քնում։ Ասում է՝ խուսափում էր նույնիսկ խանութ գնալ, անընդհատ վտանգի զգացում ուներ։ Մեղավոր էր զգում իրեն, հատկապես երբ պատահաբար հանդիպում էր պացիենտներից որևէ մեկին։

«Գիտես՝ մարդիկ մի տեսակ անթաքույց ակնածանք ունեն բժիշկների նկատմամբ։ Դա միշտ ինձ շատ դուր է եկել, ես շոյվել եմ դրանից։ Բայց երբ հետ էի եկել, նույնիսկ դա էր ինձ համար բեռ դարձել, որովհետև հասկանում էի, որ ես այնքան արժանի չեմ դրան, որ, օրինակ, եթե ավելի լավ բժիշկ լինեի, գուցե մեկ-երկու կյանք ավելի փրկած լինեի։ Երբեմն հիմա էլ եմ այդպես մտածում, չեմ կարող թաքցնել»,– ասում է Արթուրը։

Երբ վերադարձավ տուն, վիճակն ավելի ծանրացավ․ երեխաների աղմուկը, ծանոթ-բարեկամների անվերջ թվացող հոսքը, կնոջ տագնապն ու անկատար սպասելիքներն ավելի էին խորացնում սթրեսը։

«Կինս մի օր չդիմացավ ու ասեց, որ վախենում է ինձանից։ Ես չէի քնում, ամիսներ շարունակ վեր էի թռնում ամեն չխկոցից, ամբողջ օրը բղավում էի երեխաների վրա։ Տանը վեճերն անընդհատ էին դարձել։ Կինս ասաց, որ չի ճանաչում այլևս ինձ, իսկ ես, հիմարի նման, ասացի՝ դե արի բաժանվենք։ Կինս ասաց, որ այդ տարբերակը միշտ կա, բայց ինքն ուզում է, որ ես հավաքեմ վերջին ուժերս ու ինչ-որ բան անեմ՝ եթե ոչ մեր ընտանիքը, ապա ինքս ինձ փրկելու համար։ Ես 4 ամիս արդեն տանն էի, բայց կնոջս նույնիսկ մոտ չէի գնացել։ Քնում էի հյուրասենյակի բազմոցին։ Չէի քնում, պառկում էի։ Սկզբում ինձ այնքան անհասկանալի էր, թե ինչպե՞ս կարող է մարդը այդ օրերին մտերմություն ուզել։ Հետո արդեն վախենում էի, որ չի ստացվի։ 37 տարեկանում ես ինձ այլևս տղամարդ չէի զգում»,– հիշում է Արթուրը։

Ընտանեկան հոգեբանին սկսեցին այցելել կնոջ ներկայացրած վերջնագրի արդյունքում։ Երկու այցելությունից հետո հոգեբանն ասաց, որ Արթուրն այլև իր այցելուն չէ, և խորհուրդ տվեց դիմել հոգեբույժի։ Արթուրը խոստովանում է՝ այդ խոսքերից իրական սարսափ զգաց, երբեք չէր պատկերացրել, որ հոգեբույժի կարիք կունենա։ Բայց նաև որպես բժիշկ էր հասկանում՝ կա՛մ հիմա, կա՛մ արդեն ուշ կլինի։

Հոգեբույժի մոտ այցելությունները տևեցին ամիսներ։ Ախտորոշումը «դասագրքային» էր, ինչպես ասում է Արթուրը, հետտրավմատիկ սթրեսային խանգարում։ Այցելություններին զուգահեռ՝ նաև դեղորայքային բուժում ստացավ։ Տագնապները մերթ պակասում էին, մերթ նորից ահագնանում։ Երբեմն ցանկություն էր ունենում նորից Արցախ վերադառնալու։

«Մի տեսակ անկատարության, կիսատության զգացողություն կար մեջս, ինչ-որ մաշող միտք, մտածում էի՝ գուցե եթե հետ գնամ, դա կանցնի։ Բայց հետո սկսվեց բլոկադան, ու դա գործնականում անհնար դարձավ։ Կինս էլ, երևի, համակերպվել էր այդ մտքի հետ, որովհետև անկախ իմ վիճակի փոփոխություններից՝ մեր հարաբերություններում դրական որևէ դինամիկա չկար»,– պատմում է Արթուրը։

Դեղորայքային բուժման և հոգեբույժի հետ տևական աշխատանքից հետո Արթուրը զգաց, որ տագնապները նահանջում են, քունն ավելի որակյալ է դառնում, բարձր ձայներից այլևս վեր չէր թռչում, երեխաները սկսել էին իրենից չվախենալ։ Այդ ժամանակ էր, որ կնոջը խնդրեց՝ ևս մեկ անգամ փորձել զույգով թերապիան։ Ի զարմանս Արթուրի՝ հոգեբանն առավելապես աշխատում էր կնոջ հետ, խորհուրդ տալիս տեխնիկաներ, որոնք կարող էին նորից մտերմացնել իրենց։ Ինքն էլ զուգահեռաբար աշխատում էր իր վրա, կարդում մասնագիտական գրականություն, փորձում գտնել սեքսուալ խնդիրների պատճառը, աշխատում հոգեբույժի և սեքսոլոգի հետ։

«Շատ տարօրինակ է 13 տարվա ամուսինների համար այդ փուլերն անցնելը։ Անկեղծ ասած՝ ոչ մի հաճելի բան չկա, ոչ մի նոր հույզ կամ թարմություն։ Հակառակը՝ շատ տագնապային, վախենալու ընթացք է։ Շատ երկար տևեց մեզ մոտ այդ ընթացքը, բայց երկուսս էլ ուզում էինք պահպանել մեր ընտանիքը։ Հետո հասկացա, որ ես միայնակ չեմ այդ խնդրով։ Շատ հաճախ նման խնդիրներ ունենում են ֆիզիկական վիրավորում ստացածները, բայց նաև գերիների շրջանում էին շատ, ուղղակի ոչ ոք այդ մասին չի խոսում։ Տղամարդու համար դա շատ բարդ է։ Բայց այդ խնդիրը նույնքան կարևոր է, որքան ցանկացած ֆիզիկական վիրավորում»,– ասում է բժիշկը։

Երբ թվում էր, թե Արթուրի բոլոր խնդիրները հաղթահարված են, սկսվեց Արցախից բռնի տեղահանումը։ 2023-ի սեպտեմբերի վերջին Արթուրի մոտ հերթական սրացումը եղավ։ Ստիպված եղավ վերադառնալ դեղորայքին, որը միայն վերջերս էր դադարեցրել։ Այս փուլը տևեց շուրջ 4 ամիս։ Այսօր Արթուրն արդեն դեղորայք չի ընդունում, բայց նաև չի վախենում անհրաժեշտության դեպքում վերադառնալ դրանց։ Քունը գրեթե կարգավորվել է, կնոջ հետ հարաբերությունները՝ ևս։

«Ես միշտ մտածել եմ, որ դա մի բան է, որը ինձ հետ երբեք չի կարող պատահել։ Բայց արի ու տես, որ ես այլևս ախտորոշում ունեմ և պետք է կարողանամ հարաբերվել դրա հետ։ Ես հասկանում եմ, որ դեռ ճանապարհի կեսին եմ, բայց նաև գիտեմ, որ ճիշտ ուղղության վրա եմ»,– ասում է Արթուրը։

Սոնա Մարտիրոսյան

Նկարազարդումը՝ Վահե Ներսեսյանի

Leave a Comment