Հնդկաստանը 2 միլիարդ դոլարով վարձակալության կվերցնի ռուսական միջուկային սուզանավը. Bloomberg

Քաղաքականություն

04.12.2025 | 23:18

Հնդկաստանը Ռուսաստանից կվարձակալի միջուկային հարվածային սուզանավ, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:Meduza-ի փոխանցմամբ՝ Հնդկաստանի ռազմածովային ուժերը սուզանավը կվարձակալեն 10 տարով: Գործարքի արժեքը կազմում է 2 միլիարդ դոլար։

Աղբյուրները հիշեցրել են, որ Հնդկաստանի ռազմածովային ուժերին ռուսական սուզանավը վարձակալությամբ տրամադրելու հարցը քննարկվել է մի քանի տարի, սակայն կողմերը չեն կարողացել համաձայնության գալ գնի շուրջ: Այժմ, նրանք հայտնել են, որ գործարքը համաձայնեցված է, և հնդիկ նավաստիները նոյեմբերին արդեն այցելել են ռուսական նավաշինարան։

Հնդկաստանը, ենթադրաբար, սուզանավը կստանա երկու տարվա ընթացքում, սակայն մատակարարման ամսաթիվը կարող է հետաձգվել նախագծի բարդության պատճառով։

Bloomberg-ի փոխանցմամբ՝ վարձակալության պայմանների համաձայն՝ ռուսական սուզանավը չի կարող կիրառվել ռազմական գործողություններում և կարող է օգտագործվել միայն զորավարժությունների ժամանակ։ Աղբյուրների համաձայն՝ Հնդկաստանը նախատեսում է օգտագործել ռուսական սուզանավն իր նավաստիներին մարզելու համար, մինչ կառուցում է իր սեփական երկու միջուկային սուզանավերը։

Ռուսական սուզանավի վարձակալության պայմանագրի մասին հայտարարվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Հնդկաստան այցից առաջ, որն առաջինն է Ուկրաինա լայնածավալ ներխուժումից հետո։

Վերջին անգամ Հնդկաստանը ռուսական սուզանավ վարձակալել էր 2012 թվականին, երբ Հնդկաստանի ռազմածովային ուժերը ստացել էին «Ներպա» դասի սուզանավը։ Այն ուշացել էր, մասամբ՝ 2008 թվականի նոյեմբերին «Ներպա»-ի պետական ​​ընդունման գործընթացի ժամանակ հրդեհաշիջման համակարգի խափանման պատճառով, որի հետևանքով զոհվել էր 20, վիրավորվել՝ 21 մարդ։ Սուզանավը պետք է վարձակալվեր Հնդկաստանի ռազմածովային ուժերի կողմից 10 տարով, սակայն 2021 թվականի հունիսին ժամկետից շուտ վերադարձվել էր Ռուսաստանին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment