Լևոն Զուրաբյանը այսօր ասուլիսի ժամանակ պատմեց, թե 2018 թվականին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ինչ խորհուրդներ է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Զուրաբյանի խոսքով, առաջին խորհուրդը վերաբերում էր Արցախի կարգավորման փաստաթղթերի հրապարակմանը։ Տեր-Պետրոսյանը խորհուրդ է տվել հրապարակել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից ստացած վերջին փաստաթուղթը, քանի որ դա կօգներ հետագայում հեշտացնել կարգավորման գործընթացը և ցույց կտար, թե ինչ ժառանգություն է մնացել։
Զուրաբյանը հիշեցրեց, որ նման քայլ արվել է նաև 2007 թվականին. Տեր-Պետրոսյանը հրավիրել էր ամերիկյան դեսպանին և առաջարկել հրապարակել Մադրիդյան սկզբունքները, որպեսզի նոր նախագահը՝ անկախ նրանից՝ Սերժ Սարգսյանը, թե ինքն է ընտրվում, կարողանա հեշտությամբ շարունակել կարգավորման աշխատանքները։ Առաջին անգամ Մադրիդյան սկզբունքները հրապարակվել են 2007թ․ դեկտեմբերին՝ այդ հանդիպումից հետո։
Երկրորդ խորհուրդը վերաբերում էր Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Տեր-Պետրոսյանը նախազգուշացրել է, որ Փաշինյանը խաթարել է հարաբերությունները ՌԴ-ի հետ և դարձել է նրանց համար անվստահելի։ Զուրաբյանը նշեց, որ անհրաժեշտ է համակարգված աշխատել Ռուսաստանի հետ՝ նախարարությունների միջոցով, բարձրացնել հարաբերությունների մակարդակը և ապահովել վստահություն։
Երրորդ առաջարկը վերաբերում էր Վանո Սիրադեղյանին հայրենիք վերադարձնելուն, սակայն Փաշինյանը մերժել է այս առաջարկը։