ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած կարգավորման պլանի շուրջ քննարկումները կարծես փակուղի են մտնում։
Վլադիմիր Պուտինն ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների հետ Կրեմլում հանդիպելուց երկու օր անց կոշտ հայտարարությամբ է հանդես եկել և ասել՝ Ռուսաստանը կա՛մ ռազմական, կա՛մ այլ ճանապարհով ամբողջությամբ կվերցնի Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի մարզերը, այսինքն՝ ամբողջ Դոնբասը: Ռուսաստանի նախագահն ընդգծել Է՝ ուկրաինական զորքը ստիպված կլինի դուրս գալ այդ տարածքներից:
«Ամեն ինչ հանգում է դրան։ Կա՛մ մենք ազատագրում ենք այս տարածքները զենքի ուժով, կա՛մ ուկրաինական զորքերը լքում են այս տարածքները և դադարեցնում այնտեղ կռվելը»,- ասել է Պուտինը:
Նա, սակայն, Կրեմլի հանդիպումը «շատ օգտակար» է անվանել՝ տեղեկացնելով, որ հանդիպման ժամանակ հերթով դիտարկել են ամերիկյան բոլոր՝ 27 առաջարկները, որոնք ներկայացված էին չորս փաթեթով: Դրանք, ըստ նրա, հիմնված էին Ալյասկայի պայմանավորվածությունների վրա, և որոշ հարցերի Մոսկվան համաձայնել է: ՌԴ նախագահը նաև ասել է, որ խնդրի կարգավորումը բարդ է, իսկ Եվրոպան պետք է նպաստի գործընթացին, ոչ թե խոչընդոտի:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել է, որ Ուկրաինայի խաղաղության բանակցությունների ուղին դեռ հստակ չէ՝ չնայած Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ամերիկյան պատվիրակության միջև տեղի ունեցած «բավականին լավ» քննարկումներին։ Թրամփը լրագրողներին ասել է, որ ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և իր փեսան՝ Ջարեդ Քուշները, տեղեկացրել են իրեն բանակցությունների մասին և ասել, որ Պուտինից ստացած իրենց տպավորությունն այն է, որ «նա կցանկանար գործարք կնքել»։ Զելենսկին էլ հայտարարել է, թե Ռուսաստանի նկատմամբ ճնշումները պետք է սաստկացնել։
Ռուս վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ, կարելի է ասել՝ այս կարգավորման պլանի շուրջ քննարկումների առաջին փուլը չհաջողվեց։
Նրա խոսքով՝ պատճառը եվրոպական մայրցամաքում գոյություն ունեցող բարդ շահերն են և Եվրոպայի կողմից կարգավորելու, ՌԴ շահերը որոշ առումով հաշվի առնելու ցանկության բացակայությունը։
Խրամչիխինն այն համոզմանն է, որ Եվրոպան ցանկանում է պարտության մատնել Ռուսաստանին, ինչն անիրատեսական նպատակ է։
«Հենց սա է նպատակը, որ Եվրոպան թույլ չի տալիս զարգացնել այն երկխոսությունը, այն առաջարկները, որոնք Թրամփի վարչակազմն է անում։ Թրամփի վարչակազմը հայտնվել է բավականին բարդ իրադրությունում, անընդհատ դիրքորոշումներ են փոխվում, փորձում են ճնշել մի փուլում՝ Ուկրաինային, հետո սկսում են սուր հայտարարություններ անել ՌԴ-ի հասցեին։ Երբ չկա փոխընդունելի կարգավորման պլան, կա պատերազմ ու սպառնալիքներ, որ Ուկրաինան ու Եվրոպան էլ ավելի են սպառազինվելու, Ռուսաստանին չի մնում այլ ելք, քան իր կողմից սուր հայտարարություններով հանդես գալ և հայտարարել, թե որոնք են պլանները։ Բնականաբար, պատերազմ վարող կողմերի ծրագիրը առաջ գնալն է, և այստեղ որևէ նորություն չկա»,- ասաց նա։
Այս ամենը, նրա կարծիքով, հարակից ռեգիոնների համար նշանակում է, որ եթե կար փոքր հույս, որ կարող է ինչ որ գործարք լինել, ապա այն առնվազն հետաձգվում է։
«Սա նշանակվում է, որ այլ ռեգիոններում աշխարհաքաղաքական ստատուս-քվոն, ներկայիս միտումները կպահպանվեն, Եվրոպան կշարունակի իր ակտիվ քաղաքականությունը, որը միտված է ՌԴ ազդեցությունը նվազեցնելուն և Եվրոպայի ներկայությունն ու շահերն ընդլայնելուն»,- ասաց նա։