Տեր–Պետրոսյանը 2018–ին 3 խորհուրդ է տվել Փաշինյանին

Տեր–Պետրոսյանը 2018–ին 3 խորհուրդ է տվել Փաշինյանին

4 դեկտեմբերի 2025 – 17:05 AMT

PanARMENIAN.Net – «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն ասուլիսի ժամանակ հայտնել է, թե 2018 թվականին ինչ 3 խորհուրդ է տվել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Զուրաբյանի խոսքով՝ Տեր–Պետրոսյանը նախևառաջ խորհուրդ է տվել հրապարակել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից ստացած Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ վերջին փաստաթուղթը՝ շեշտելով, որ դա կօգնի հետագայում ավելի հեշտությամբ լուծել կարգավորման հետ կապված հարցերը, բացի այդ բոլորը կտեսնեն, թե ինչ ժառանգություն է ստացվել, հայտնում է Sputnik Արմենիան։

«Տեր–Պետրոսյանն այդ բանն արել էր նաև 2007 թվականին Նա հրավիրել էր ամերիկյան դեսպանին, ասել էր՝ անկախ նրանից, թե ով կդառնա նախագահ 2008 թվականին՝ Սերժ Սարգսյանը, թե ես, ճիշտ կլինի, որ Մադրիդյան սկզբունքները հրապարակվեն, ֆիքսվի, որ դա պաշտոնական բան է, որից հետո նոր նախագահին ավելի հեշտ կլինի կարգավորման ուղղությամբ գնալ։ Եվ արեցին, առաջին անգամ հրապարակվեցին Մադրիդյան սկզբունքները 2007թ․ դեկտեմբերին՝ հանդիպումից հետո»,- նշել է Զուրաբյանը։

Զուրաբյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը Կրակովյան փաստաթուղթը հանրայնացրել է միայն 2020 թվականին՝ այն էլ ուշացած կերպով։

Երկրորդ խորհուրդը, Զուրաբյանի ներկայացմամբ, վերաբերել է Հայաստանի և ՌԴ հարաբերություններին։ Տեր-Պետրոսյանը նշել է, որ Փաշինյանը խաթարել է հարաբերությունները ՌԴ-ի հետ և անվստահելի է դարձել նրանց համար։

«Ռուսաստանի հետ պետք է սիստեմային աշխատել՝ նախարարությունների միջոցով, տարբեր ուղիներով, գնա, այդ հարաբերություններն ավելի լուրջ աշխատանքային մակարդակի վրա բարձրացրու»,- ներկայացրել է Զուրաբյանը։

Երրորդ խորհուրդը վերաբերել է Վանո Սիրադեղյանի վերադարձի հարցին։ Տեր-Պետրոսյանը Փաշինյանին կոչ է արել ապահովել Սիրադեղյանի վերադարձը հայրենիք, սակայն վարչապետը չի արձագանքել այդ առաջարկին։

Զուրաբյանը շեշտել է, որ առաջին նախագահի և գործող վարչապետի միջև կայացած հանդիպումը Փաշինյանի կողմից ներկայացվել է աղավաղված ձևով։ Այդ պատճառով Տեր-Պետրոսյանը, ըստ Զուրաբյանի, հրաժարվել է հետագայում որևէ նոր հանդիպում ունենալ Փաշինյանի հետ։

Կառավարության պաշտոնական կայքում տեղադրվել են փաստաթղթեր, որոնք վերաբերում են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին։

«Հրապարակվում են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող պետական գերատեսչություններում առկա մի շարք փաստաթղթեր, որոնք պատկերացում են տալիս մինչև 2020 թվականը տեղի ունեցած բանակցային գործընթացի բովանդակության մասին։ Տեղադրված են նաև հրապարակայնորեն հասանելի մի շարք փաստաթղթեր, որոնք ուղիղ առնչություն ունեն առաջին խումբ փաստաթղթերի հետ»,–ասվում է հրապարակման մեջ։

Leave a Comment