Փաշինյանը չի հերքել, որ ԱԱԾ–ից քահանային կարող են հորդորել զեղչել կաթողիկոսի անունը

Փաշինյանը չի հերքել, որ ԱԱԾ–ից քահանային կարող են հորդորել զեղչել կաթողիկոսի անունը

4 դեկտեմբերի 2025 – 15:33 AMT

PanARMENIAN.Net – Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում չի հերքել, որ ԱԱԾ ծառայողները հանդիպում են պատարագիչ քահանաների հետ՝ հորդորելով պատարագի ժամանակ զեղչել կաթողիկոսի անունը։

Նա հայտարարել է, որ մասնակցում է այն պատարագներին, որոնցում վեհափառի անունը չի հնչում, հայտնում է Aysor.am-ը։

«Երբ ես մտադիր եմ մասնակցել պատարագի, մենք խնդրում ենք, որ հաշվի առնվի այս փաստը։ Մի դեպքում կարող է ծանոթ լինել, դա կարող է ԱԱԾ աշխատող լինել, մյուս դեպքում կարող է որևէ տեղ աշխատող չլինել, կարող է իմ օգնականը լինել և այլն։ Դա կախված է նրանից, թե ով ում է ճանաչում և ով ինչ անձնական կապեր ունի։ Այստեղ ԱԱԾ-ն և մյուս ինստիտուտները կապ ունեն այնքանով, որքանով որևէ մեկը որևէ մեկին ճանաչում է։ Այնպես չէ, որ քահանաները պետական մարմինների հետ միայն իմ՝ պատարագ գնալու առիթով են շփվում, այնպես որ շատ մի նեղվեք այդ հարցերից»,–ասել է Փաշինյանը՝ արձագանքելով հարցին, թե Գյումրիի Սուրբ Հակոբ եկեղեցու քահանա Տեր Ռուբենն ասել է, որ ԱԱԾ-ից մոտեցել են իրեն և ասել, որ պատարագ մատուցելիս պետք է զեղչել կաթողիկոսի անունը, եթե դրան վարչապետն է մասնակցում։

Դիտարկմանը, թե հանրային ռեսուրսն օգտագործվում է վարչապետի ցանկությունը իրականացնելու նպատակով, Փաշինյանը մեկնաբանել է հետևյալը։

«Ցանկացած տեղ, որտեղ վարչապետը պետք է գնա, այդ պահից սկսած այդ տեղը համարվում է պետական պահպանության ենթակա օբյեկտ և այնտեղ իրականացվում են գործողություններ։ Այդ թվում՝ եկեղեցում իրականացվում են անվտանգության գործողություններ, այստեղ ոչ մի նորություն չկա։ Ես իմ անվտանգության հարցն առաջ չեմ քաշում, ես առաջ եմ քաշում պետության անվտանգության հարցը»,–ասել է Փաշինյանը։

Ըստ շրջանառվող տեղեկատվության՝ կիրակի՝ դեկտեմբերի 7–ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շիրակի մարզում կարող է մասնակցել պատարագի։ Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ Տեր Ռուբենն է մատուցելու պատարագը։ Հոգևորականը լրատվամիջոցի հետ զրույցում ասել է, որ իրեն մոտեցել է«Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության ակտիվիստ Կարեն Պետրոսյանն ու ասել, թե ուզում են, որ պատարագը Տեր Ռուբենը մատուցի ու զեղչի Վեհափառի և սրբազանի անունները։

Leave a Comment