4 դեկտեմբերի 2025 – 13:59 AMT
PanARMENIAN.Net – Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու արքեպիսկոպոսներն ու եպիսկոպոսները հանդես են եկել հայտարարությամբ, որով իրենց անվերապահ նվիրվածությունն ու որդիական հավատարմությունն են հայտնել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ին։
Հայտարարությունը ստորագրել է 27 բարձրաստիճան հոգևորական:
«Անընդունելի և վտանգավոր ենք համարում ներեկեղեցական հարցերը քաղաքական միջամտությամբ լուծելու որևէ փորձ՝ ինչպիսի պատճառաբանությամբ էլ պայմանավորված լինի։ Եկեղեցու կառավարման և ներքին կյանքին առնչվող բոլոր խնդիրներն անխտիր կարգավորելի են եղբայրական սիրով, առաքելագործ եպիսկոպոսներին վայել բարձր գիտակցությամբ, եկեղեցական-ժողովական իրավասու մարմինների միջոցով՝ համաձայն մեր Սուրբ Եկեղեցու գործուն կանոնական ընթացակարգերի։
Անհանդուրժելի և դատապարտելի ենք նկատում Պատարագի սրբազան արարողության ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետի անվան հիշատակման կամայական զեղչումը՝ որպես ծիսականոնական կոպտագույն խախտում, որը եկեղեցաբանության տեսանկյունից պառակտման տարրեր է պարունակում։
Վստահ ենք, որ մեր Սուրբ Եկեղեցու միասնությունն ու խաղաղությունը վեր են անձնական, խմբային կամ այլ շահերից և ամրապնդվելու են սիրո հաղորդության, ճշմարտության և արդարության հանապարհով՝ առաքելական հորդորով հաստատելի, թե՝ «Խնդրում եմ ձեզ, եղբայրնե’ր, հեռո’ւ մնացեք նրանցից, ովքեր պառակտում եւ գայթակղություն են առաջ բերում՝ հակառակ այն վարդապետությանը, որ դուք սովորեցիք։ Հեռո’ւ մնացեք նրանցից» (Հռոմ. ԺԶ 17):
Համոզված ենք, որ մեր եպիսկոպոսաց համախումբ ջանքերով արդյունավետ լուծումներ կգտնենք ի շահ մեր Սուրբ Եկեղեցու»,–ասվում է հայտարարության մեջ։
Այն ստորագրել են՝ Խաժակ արք․ Պարսամյանը, Նաթան արք․ Հովհաննիսյանը, Հակոբ արք․ Գլնճյանը, Եզրաս արք․ Ներսիսյանը, Վիգեն արք․ Այքազյանը, Հայկազուն արք․ Նաջարյանը, Միքայել արք․ Աջապահյանը, Բագրատ արք․ Գալստանյանը, Արշակ արք․ Խաչատրյանը, Վահան եպս․ Հովհաննիսյանը, Հովակիմ եպս․ Մանուկյանը, Տաթև եպս․ Հակոբյանը, Արարատ եպս․ Գալթագճյանը, Մկրտիչ եպս․ Պռոշյանը, Աբգար եպս․ Հովակիմյանը, Մարկոս եպս․ Հովհաննիսյանը, Մուշեղ եպս․ Բաբայանը, Նարեկ եպս․ Բերբերյանը, Հովնան եպս․ Հակոբյանը, Դանիել եպս․ Ֆընտըգյանը, Տիրան եպս․ Պետրոսյանը, Մեսրոպ եպս․ Պարսամյանը, Օշական եպս․ Կյուլկյուլյանը, Առեն եպս․ Շահենյանը, Գրիգոր եպս․ Խաչատրյանը, Կիրակոս եպս․ Դավթյանը, Մակար եպս․ Հակոբյանը։
ՀԱԵ մի խումբ բարձրաստիճան եկեղեցականներ՝արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներհանդես են եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է, որ Ամենայն Հայոց կաթողիկոս «Գարեգին Երկրորդը փորձում է կոծկել և ընթացք չտալ Մայր Աթոռի դիվանապետԱրշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի արարքին, որի մասին վկայող տեսանյութեր էին տարածվել»։ Նշվում է նաև, որ«Գարեգին Բ-ն անհավատարիմ է գտնվել կաթողիկոսական օծմամբ ստանձնած իր ուխտին»։ Փաշինյանը հանդիպել է նրանց հետ և ողջունել նրանց դիրքորոշումը։ Նոյեմբերի 29–ի նոր հայտարարությամբ նրանք պահանջել են նաև, որ կաթողիկոսը հանգստի գնա։ Ամենայն Հայոց կաթողիկոսը դեկտեմբերի 10-12-ը եպիսկոպոսաց ժողով է հրավիրել: