4 դեկտեմբերի 2025 – 14:17 AMT
PanARMENIAN.Net – Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով այն հարցին, որ եկեղեցու դեմ սկսված արշավը հարվածում է եկեղեցու հեղինակությանը և վիրավորում հավատացյալների զգացմունքները, արդյո՞ք մինչ խնդիրները բարձրաձայները հանդիպում ու զրույց ունեցել է Մայր Աթոռի բարձրագույն ղեկավարության հետ, ասել է, որ ինքը հրապարակային գործիչ է և կուլիսային մեթոդները չեն համապատասխանում իր գործունեության ձևին։
Նրա դիտարկմամբ՝ Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցուն ոչինչ ավելի մեծ վնաս չի հասցնում, քան կաթողիկոսի Մայր Աթոռում լինելը, հայտնում է «Փաստինֆոն»։
«Կուսակրոնության խախտման մասին դեպքեր եղել են ու դուք դրանց մասին գիտեք, որովհետև եղել են հրապարակային քննարկումներ, հրապարակային հետևանքներ, հրապարակային հրաժարականներ։
Դա պահանջի ժանը չէ, որ ինչ-որ մեկը պահանջում է կաթողիկոսի հրաժարական, մենք ասում ենք, որ պրոցես է սկսվել ու ինքը պետք է գնա այդտեղից։
Ինչ մնում է աղմուկ բարձրացնելուն՝ ես կարծում եմ, որ աղմուկը որոշակի առողջացնող աղմուկ է։ Ժողովրդավարական երկրները չպետք է խուսափեն հրապարակային քննարկումներից»,–ասել է նա։
Նա ասել է, որ կաթողիկոսի հետ հանդիպելու և զրուցելու բազմաթիվ առիթներ է ունեցել ու այդ հանդիպումներից է տպավորություն ստացել, որ նրա ներկայությունը աղետալի վնաս է հասցնում Առաքելական սուրբ եկեղեցուն։
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու արքեպիսկոպոսներն ու եպիսկոպոսները հանդես են եկել հայտարարությամբ, որով իրենց անվերապահ նվիրվածությունն ու որդիական հավատարմությունն են հայտնել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ին։ Հայտարարությունը ստորագրել է 27 բարձրաստիճան հոգևորական: