Այսօրվա քննարկվող օրինագիծն այն մասին է, որ խաղաղությունը եկել է, և խաղաղությունն այսօր է. Հակոբ Արշակյան


Մեր այսօրվա քննարկվող օրինագիծն այն մասին է, որ խաղաղությունը եկել է, և խաղաղությունն այսօր է: Եվ դա իր արտացոլումն է գտնում, այդ թվում՝ նաև մեր պաշտպանական գերատեսչության ընդունած քաղաքականության վրա՝ ծառայության ժամկետը կրճատելով և դարձնելով 18 ամիս: Այս մասին այսօրվա նիստում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: 


Նրա խոսքով՝ պետք է մի բանի մասին խոսել. որ բանակը հնարավորությունների տեղ է, մեր հասարակության շրջանում, սակայն, տարբեր ընկալումներ կան բանակի մասին:


Արշակյանը խոսեց դրա դրական կողմերի մասին, անդրադարձավ իր փորձին, ասաց՝ իր լավագույն ընկերները նաև բանակից են:


Դիմելով ծնողներին, որոնք զինակոչիկ տարիքի տղաներ ունեն, ասաց՝ ինքն անձամբ իր ֆիզիկայի և մաթեմատիկայի դասընթացները պարապել է ծառայության ընթացքում և բուհ է ընդունվել ծառայությունից հետո:


«Այդ հնարավորություններն այսօր էլ կան բանակում»,- ընդգծեց Արշակյանը:


Նա դիմեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին՝ խնդրելով, որ բանակի հնարավորությունները բազմապատկվեն հատկապես կրթության ոլորտում, որ բանակը օգտագործվի որպես տրամպլին հետագա կյանքում մեծ հաջողությունների հասնելու համար: 


Հիշեցնենք՝ խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: 


Օրենքի նախագծի համաձայն՝ նախատեսվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 24-ամսյա ժամկետը փոխարինել 18-ամսյա ծառայության ժամկետով՝ դրա գործողությունը տարածելով 2026 թվականի հունվարի 1-ից հետո պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող քաղաքացիների վրա: 


 


«2025 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում զինված ուժերի համալրումը սկսելու է 2026 թվականի հունվարի 7-ից, որի արդյունքում 18-ամսյա ժամկետով ծառայություն են իրականացնելու 2025-ի ձմեռային զորակոչից սկսած պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիները»,- այսօրվա նիստում ասել էր հիմնական զեկուցող, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:


 


Նախարարը տեղեկացրել է՝ ծառայության ժամկետի կրճատումը չի տարածվելու 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների վրա:

Leave a Comment