04.12.2025 | 12:03
Վաչեն Գրականության ինստիտուտի աշխատակից էր: Արտակարգ սրամիտ, սրախոս շարունակ կատակաբանի դերի մեջ: Բոլորի հասցեին ուղղված նրա հեգնական սրամտությունները հետագայում հաճախակի վերհիշվում էին ու զվարճացնում ներկաներին:
Բայց գանք մեր հիմնական պատումին:
Խորհրդային տարիների սերունդը լավ կհիշի, որ կոմունիստական գաղափարախոսությունը կրոնի պես մի բան էր: Կուսակցական տոմսով երդվում էին կուսակցականները, որը Ավետարանի վրա երդվելուն համարժեք պատասխանատվություն էր ենթադրում: Հակառակ վարքի և մտածելակերպի մարդկանց որակում էին որպես երկրի դավաճանություն և խստորեն պատժում:
Սակայն, 70-ական թվականներից սկսած նման ուղղափառ կոմունիստի պահվածքը մասամբ արդեն ժամանակավրեպ էր: Երկրում մակածվել էր այլախոհական մշակութային միջավայր և հոգեբանություն, անեկդոտներ էին ստեղծվում կուսակցության բարձրաստիճան առաջնորդների մասին:
Ըստ էության, բանավոր և գրավոր մշակույթով տեղի էր ունենում կոմունիզմի միֆի ապամիֆականացման իրողություն:
Այդուհանդերձ կոմունիստական համակարգը և ղեկավարությունը դեռևս պահպանում էին պետապարատը պաշտպանելու անցյալի զգոնությունը և գաղափարախոսության կաղապարված բառապաշարը: Հենց այդ տարիներին Չեխոսլովակիայում տեղի ունեցան հակակոմունիստական և սոցիալիստական տնտեսավարման դեմ բողոքի ընդվզումներ: ԽՍՀՄ-ի ղեկավարությունը հրահանգել էր, որ հանրապետությունների բոլոր կուսակցական բջիջներում հարցը քննարկեն և դատապարտեն:
Շրջկոմներից զգուշացրել էին, որ հարցը լրջորեն պետք է քննարկեն բոլոր կուսակցական կազմ ակերպությունները: Հրահանգված էր նաև Գրականության ինստիտուտի կազմակերպությանը: Ինստիտուտի կուսակցության երկրորդ քարտուղար Կարո Ճինգոզյանը չեխոսլովակյան դեպքերի իրողության պետական կարևորություն ներկայացնող խնդիրը հնչեցրեց համապատասխան տագնապի և լրջություն երանգներ արտահայտող տոնով: Նա նախ լուռ և լուրջ դեմքով սպասեց մինչև դահլիճում լռություն տիրեց, ապա հետևյալ նախաբանով ահազանգեց. «Ընկերնե՛ր, կոմունիստական գաղափարախոսությանը լուրջ վտանգ է սպասվում»:
Ապա փոքր դադարից հետո ավելացրեց՝ «․․․ցավոք, ձեզ պետք է ներկայացնեմ, որ վերջերս կապիտալիստական երկրների կազմակերպծ միջազգային դիվերսիան գաղափարական ճակատով սկսել է գլուխ բարձրացնել»:
– Մեր ինստիտուտու՞մ,- իբր բանից անտեղյակ, կեղծ զարմանքը դեմքին խոյի բարբառի ընդգծված հնչերանգով ճղճղաց Վաչեն:
Ծիծաղեցին: Ժողովի ղեկավարությունը սաստեց ներկաներին, ապա առաջարկեց, որ աշխատակիցները ելույթներ ունենան ու լրջորեն արձաքանքեն: Մի քանիսը հրաժարվեցին: Ի՛նչ ասեն:
Արշալույս Ղազինյանը և Գրիգոր Գույումջյանը, որոնք մշտապես բոլոր ժողովներին ելույթ էին ունենում, նույնպես հրաժարվեցին՝ ամեն անգամ մենք ենք ելույթ ունենում, էս անգամ էլ թող ուրիշները խոսք ասեն:
Տնօրենը դարձավ Վաչեին՝
– Վաչե՛, միգուցե մի երկու խոսք դու ասես:
– Ես էսօր չեմ կարող խոսել ընկեր Ջրբաշյան, անհարմար եմ զգում:
– Ինչու՞ չես կարող, այ տղա, ինչու՞ ես անհարմար զգում:
– Էսօր առավոտը ես սխտոր եմ կերել:
– Դու ե՞րբ ես լրջանալու այ՛ տղա,- ծիծաղելով ասաց Ջրբաշյանը:
Չնայած վերոհիշյալին, արձանագրեցին, որ ժողովը խստորեն դատապարտում է Չեխոսլովակիայի ընդվզումները:
Ժողովի օրակարգում մի շատ կարևոր հարց ևս կար: Կորել էր ինստիտուտի կուսակցական կազմակերպության կնիքը: Իսկ դա լուրջ բացթողում էր: Ի դեպ, ամեն կազմակերպություն ուներ իր կնիքը: Տեղեկացրել էին Շրջկոմ: Այնտեղից զայրացած հրահանգել էին՝ կուսակցական ժողով հրավիրե՛ք, դատապարտե՛ք երևույթը, ելույթները արձանագրե՛ք ու որոշում կայացրե՛ք: Հետո ժողովի որոշումը կուղարկե՛ք, որ կցենք գործին ու նոր կնիք պատվիրենք:
Ելույթներ, իհարկե, չեղան, բայց արձանագրության մեջ նշվեց մի քանիսի անունները, որոնք իբր դատապարտում են ցրվածությունը, թափթփվածությունը, ինչի պատճառով էր իբր կորել կնիքը: Մնում էր ձևակերպել, թե ժողովը, ի վերջո, ի՞նչ որոշեց:
Կուսակցության առաջին քարտուղար Սարիբեկ Մանուկյանը դիմեց ներկաներին՝ «Ո՞նց գրենք, ժողովը ի՞նչ եզրակացության հանգեց»:
Մի քանիսը մտմտում էին, թե ի՞նչ ձևակերպում տան:
Վաչեն կրկին մեջ ընկավ՝
«Գրեք, ժողովը որոշեց՝ եթե թշնամություն են արել ու դիտմամբ են տարել, ուրեմն թող տանողի տունը քանդվի, իսկ եթե կորել է՝… գտնողը չվայելի»:
Արամ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ