Մոսկվայում ամերիկյան պատվիրակության բանակցությունները ուկրաինական կարգավորման շուրջ լավ են անցել, իրադարձությունների հետագա զարգացման մասին խոսելը դեռ վաղ է, «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Դրանք բավականին լավ բանակցություններ էին», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը:
Ընդ որում, ԱՄՆ նախագահը ձեռնպահ է մնացել իրադարձությունների հետագա զարգացմանը գնահատական տալուց։ «Թե ինչպես կզարգանան իրադարձությունները, չեմ կարող ձեզ ասել։ Տանգոն երկուսով են պարում«, – նշել է նա՝ նկատի ունենալով Մոսկվային և Կիևին։
Ամերիկացի առաջնորդը նաև կարծիք է հայտնել, որ Ուկրաինան պետք է համաձայնվեր տարեսկզբին հակամարտության կարգավորմանը, քանի որ այն ժամանակ կարող էր ավելի շահավետ պայմաններ ստանալ:
Մոսկվայում դեկտեմբերի 2-ին կայացել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի և Դոնալդ Թրամփի փեսայի՝ Ջարեդ Քուշների հետ:
