Խայտառակություն է, մինչև հիմա Կառավարությունը չգիտի, որ Քի Վեսթի փաստաթուղթ որպես այդպիսին չկա. Արմեն Խաչատրյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության անդամ Արմեն Խաչատրյանը 

– Պարո՛ն Խաչատրյան, Կառավարությունը երեկ հրապարակեց արցախյան հարցի բանակցություններին  վերաբերող փաստաթուղթ, որից հետո իշխանականներից ոմանք հայտարարեցին, թե սպասում են տեսնեն՝ նախկին նախագահները կգնա՞ն Փաշինյանի հետ բանավիճելու: Հակառակ կողմից էլ հնչեցին կարծիքներ, որ Փաշինյանը Փաշինյան չէր լինի, եթե չմանիպուլացներ ամեն բան ու կիսատ փաստաթղթեր չհրապարակեր: Ձեր գնահատականն ինչպիսի՞ն է:

– Փաստաթղթերն իսկապես ամբողջովին չեն հրապարակվել: Ինչ վերաբերում է մանիպուլացնելուն, ապա այնտեղ իսկապես Մեղրու այսպես կոչված փաստաթուղթը աբսուրդ է, որովհետև  Մեղրին պաշտոնական առաջարկ չի եղել կողմերին: Այո՛, Մեղրին բանակցվել է, այո՛, Մեղրու հետ կապված եղել են պրոցեսներ, բայց դա չի վերածվել պաշտոնական առաջարկի, այլ, այսպես ասենք, զարգացել է ու դարձել է Քի Վեսթ: 

Թողե՞լ է արդյոք Մեղրին այդ բանակցությունների ու Քի Վեսթի բանակցային գործընթացի վրա ազդեցություն, այո՛, թողել  է, բայց դա մենք կարող ենք կապել, օրինակ, քիվեսթյան գործընթացի ու Քի Վեսթի առաջարկների հետ, խոսքը վերաբերում է Արցախին բանակցություններից դուրս թողնելուն: 

Հիմա նայեք. երեկվանից մի հատ վայնասուն են դրել իշխանական քարոզիչներն ու ներկայացուցիչները, թե տեսեք՝ ի՛նչ հրեշավոր բան է եղել, Մեղրի՛ն, Մեղրի՛ն: Իբր երեկ այդ փաստաթուղթն առաջին անգամ, ինչպես իրենք են ասում, սառնարանի ոտքի տակից դուրս եկավ, ու նոր իմացան այդ մասին: 

2008 թվականից դա հայտնի փաստաթուղթ է՝ և՛ հրապարակված, և՛ «Հայկական ժամանակում» տպագրված: Բայց քանի որ դա պաշտոնական առաջարկ չի եղել, կրկնում եմ, ապա իրենք այս ամենով հնարավորություն են տալիս Ռուբերտ Քոչարյանին, որպեսզի, օրինակ՝ ասի, որ դա սուտ է: Իշխանության կողմից հրապարակված փաստաթուղթը չունի այն արժեքը, եթե դրա հետ չեն հրապարակվում պաշտոնական Երևանի պատասխանները, որպեսզի հարցի էությունն ամբողջությամբ հասկանալի լինի: 

Դա Սերժ Սարգսյանի նամակը չէ, դա Ազգային ժողովի հայտարարությունը չէ, դա այն պաշտոնական դիրքորոշումն է, որը հայտնվել  է առաջարկված կարգավորման պլանների վերաբերյալ: Մենք այս տեսանկյունից պետք է նայենք՝ արդյոք մենք ունենք ամբողջական հրապարակված փաստաթղթեր: Ես վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանը չի կատարել իրեն առաջադրված պահանջը, այնպես որ ասել, թե ներկայացվել են ամբողջական փաստաթղթեր, սխալ կլինի: 

– Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, թե Կառավարությունը չունի Քի Վեսթի փաստաթղթերը, դրա համար էլ չի հրապարակել դրանք:

– Դե լավ, դա արդեն… Ուրեմն, լավ չեն նայել, սառնարանի հետևի ոտքի տակ է, մինչև հիմա Կառավարությունը չգիտի, որ Քի Վեսթի փաստաթուղթ որպես այդպիսին չկա, դա պաշտոնական առաջարկով չի ներկայացվել: Դա խայտառակություն է, չի կարող այդպիսի բան լինել, որ մինչև հիմա հասկացած չլինեն, որ այդ առաջարկը որպես պաշտոնական առաջարկ չի ներկայացվել կողմերին, այլ, ինչպես ասացի, բանակցվել է աշխատանքային մակարդակով և հենց այդ վիճակում էլ մնացել է։ 

Բայց, դե, Արցախ տվողների համար դա ոչ մի նշանակություն չունի։ Այս պահին էլ դեռ պնդում են, թե փնտրել են ու չեն գտել։ Երևի պաշտոնական Երևանի պատասխաններն էլ չունի. թող ասի, թե ինքն ի՞նչ պատասխան է տվել 2019 թվականի առաջարկին, ինչի՞ համար է մերժել, ինչի՞ համար ընդհանրապես չի պատասխանել, թող դրա մասին խոսի Նիկոլ Փաշինյանը: 

– Պարո՛ն Խաչատրյան, իսկ ի՞նչ նպատակով է Կառավարությունը կոնկրետ այս հատվածը հրապարակել:

– Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը հասկացել է, որ դա վաղ թե ուշ հրապարակվելու է, ու պատկերացնո՞ւմ եք, հանկարծ համանախագահները սա հրապարակեին ընտրություններից մեկ շաբաթ առաջ, Մինսկի խումբը սա հրապարակեր: Փաշինյանը տակտիկական քայլ է անում՝ հրապարակելով, պարզապես ուզում է, որ այս ալիքը մինչև ընտրական պրոցես արդեն անցած լինի, բայց չի ստացվելու: 

Մենք ամեն օր հիշեցնելու ենք այն, որ արդեն փաստով ապացուցված պլան կա, որին իր պատասխանը ինքը չի հրապարակել, Շուշիի մասին էլ որևէ խոսք չկար այդ փաստաթղթում: Մենք ամեն օր հիշեցնելու ենք ազգին ու Նիկոլ Փաշինյանին, որ ինքը ձախողել է բավականին ընդունելի ու լավ խաղաղության պլանը, ինչի հետևանքով մեր 5 հազար հայրենակցի տարել է մահվան, ամբողջությամբ հայաթափել է Արցախը: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

Leave a Comment