Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Ալ-Մուլլային՝ ԱՄԷ Ազգային տոնի կապակցությամբ։
«Ցանկանում եմ ևս մեկ անգամ հայտնել իմ հիացմունքն այն ձեռքբերումների և հաջողությունների առիթով, որոնք վերջին տարիներին արձանագրել է ԱՄԷ-ն։ Հայաստանի Հանրապետությունն առանձնահատուկ կարևորություն է տալիս մեր երկրների հարաբերություններին։ Կարելի է արձանագրել, որ հատկապես վերջին տարիներին մենք իրականացնում ենք ինտենսիվ համատեղ ծրագրեր և արձանագրում ենք կոնկրետ արդյունքներ։ Առիթն օգտագործելով՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաև Ձեր կատարած աշխատանքի համար։ Համոզված եմ, որ առաջիկայում ևս մենք շատ համատեղ անելիքներ կունենանք»։
«ԱՄԷ ղեկավարությունն իրապես շատ հետաքրքրված է Հայաստանի հետ խորացնելու հարաբերությունները»,– ընդգծել է դեսպանը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների համար հետաքրքրություն ներկայացնող օրակարգային մի շարք հարցեր։ Կարևորվել են էներգակիրների ոլորտում փոխշահավետ համագործակցության հնարավորությունների ուսումնասիրումը, ինչպես նաև ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված նախաձեռնությունները։
Շեշտվել է նաև պետական կառավարման համակարգերում ինստիտուցիոնալ համագործակցության ընդլայնման և լավագույն գործնական փորձի փոխանակման կարևորությունը՝ ուղղված կառավարման արդյունավետության բարձրացմանը։
Կողմերը բարձր են գնահատել բարձրաստիճան փոխայցելությունների դրական դերը տարբեր ուղղություններով համագործակցության խթանման գործում և ընդգծել փոխադարձ պատրաստակամությունը՝ համատեղ ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման շարունակության վերաբերյալ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: