«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» կուսակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը
– Տիկի՛ն Աբգարյան, կառավարությունը հետ է վերցնում մետրոյի Աջափնյակի կայարանի շինարարության համար նախատեսված միջոցներն այլ ծախսեր փակելու համար: Գործադիրը վերջին նիստում որոշեց մետրոյի կառուցման համար նախատեսված բյուջեից մոտ 300 հազար դոլար ուղղել սահմանամերձ բնակավայրերում ապրողների կոմունալ վճարների մասնակի փոխհատուցմանը: Ինչպե՞ս եք գնահատում այս որոշումը, սպասելի՞ էր նման զարգացում այս նախագծի վերաբերյալ, քանի որ մինչև վերջերս քաղաքապետը վստահեցնում էր, որ այն կառուցվելու է:
– Դժվարանում եմ բացատրություններ տալ Կառավարության որոշումներին, որովհետև շատ հաճախ դրանք տրամաբանությունից զուրկ են, ու կարծում եմ, որ Կառավարությունը նման որոշում ընդունելիս պետք է բացատրություն տար, որովհետև գաղտնիք չէ, որ այդ կայարանին սպասում էին երևանցիները, հատկապես Աջափնյակի բնակիչները: Անընդունելի է մարդկանց անընդհատ հուսադրել ու նման ձևով հուսախաբ անել: Սա շատ սխալ քայլ եմ համարում, որովհետև եթե վարչապետը բողոքում էր խցանումներից ու քաղաքի երթևեկության վիճակից, ապա խցանումների հարցը լուծելու գործիքներից հենց մեկն էլ մետրոյի հզորությունն ուժեղացնելն է, որպեսզի հնարավորինս շատ մարդ մետրոյով երթևեկի: Մենք տեսնում ենք, որ մի բան հայտարարում են, ինչ-որ հանձնախմբեր են ձևավորում, բայց իրականում իրենց արած քայլերը հակառակն են ու չեն համապատասխանում այն նպատակներին, որոնք իրենք հռչակում են:
– Իսկ ինչո՞ւ է այդպես:
– Դժվարանում եմ ասել, որովհետև գաղտնիք չէ, որ Աջափնյակի կայարանի մասով որոշակի աշխատանքներ դեռ խորհրդային ժամանակներից են արված, այդտեղ ներդրումների, կամուրջը կառուցելու հարցն է: Ամեն դեպքում քաղաքային իշխանությունը սկզբում շատ վճռական էր երևում, երևանցիներն էլ կհիշեն, որ նույնիսկ կայարանի լուսանկար էին հրապարակել, թե ինչպիսին պետք է լինի: Ես կարծում եմ, որ այստեղ Կառավարություն-քաղաքապետարան խնդիրն է, քանի որ մենք գիտենք, որ քաղաքապետարանը չէր կարողացել միլիարդներ հավաքագրել, ու Կառավարությունը գումար հատկացրեց Երևանին, որպեսզի այդ պակասուրդը փակի, ես չեմ բացառում, որ հիմա տեղի ունեցողը կապված է հենց այս դեպքի հետ: Այսինքն՝ որոշել են մետրոյի փոխարեն վերգետնյայից չգանձված այս պակասուրդը փակել:
– Տիկի՛ն Աբգարյան, իսկ նման վերաբերմունքը իրենց ընտրողների նկատմամբ ինչի՞ մասին է խոսում:
– Սա առաջին դեպքը չէ, ու հենց երևանցիները, կարծում եմ, պետք է որ համոզված լինեին: Առաջին և ամենակարևոր բանը, որի պատճառով մենք այսօր չունենք նորմալ տրանսպորտային ցանց, այն 18-մետրանոց ավտոբուսներն են, որ մինչ օրս չեն ներկրել ու չեն էլ պատրաստվում, մյուս տարի տրոլեյբուսն են պատրաստվում ներկրել: Այսինքն՝ սխալ որոշումներ են ընդունվում, ու մենք տեսնում ենք, որ տուժողը երևանցին է, որը շարունակում է երթևեկել խցկված տրանսպորտով, որովհետև գծերը, որոնք նախատեսված են 18-մետրանոցի համար, այսօր սպասարկում են փոքր տարողությամբ ԺոնգԹոնգները, ինչի պատճառով էլ մարդիկ սեղմված են երթևեկում: Տրանսպորտային ցանցի բարեփոխման տապալումը այն էր, որ ամբողջական ցանցը, ինչպես նախագծված էր, չի ներմուծվել, բայց ներմուծվել են թանկացումը, էլեկտրոնային տոմսը, այսինքն՝ այն, ինչ իրենց ձեռնտու էր, նրանք արեցին, իսկ այն, ինչ պետք էր երևանցիների վիճակը թեթևացնելու համար, չի արվել:
– Իսկ մետրոյի Աջափնյակի կառուցման մասով ի՞նչ սպասելիքներ ունեիք:
– Անկեղծ ասած, հիմնվելով նրա վրա, որ ՔՊ-ն սիրում է ընտրությունից ընտրություն փիար քայլեր անել, ես կարծում էի, որ ընտրություններից առաջ կա՛մ աշխատանքների մեկնարկը կտան, կա՛մ ինչ-որ բան տեղի կունենա, բայց գուցե թողել են քաղաքապետի մյուս ընտրություններին, չգիտեմ, այս մարդկանց քայլերը շատ դժվար է հասկանալ, այստեղ չեմ տեսնում ռացիոնալ տրամաբանություն:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am