3 դեկտեմբերի 2025 – 18:29 AMT
PanARMENIAN.Net – 2026 թվականի հունվարի 1-ից հետախուզությունն այլևս չի համարվի Ազգային անվտանգության ծառայության աշխատանքի գերակա ուղղություններից։Այդ մասին Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Եսայի Մկրտչյանը։
Ըստ նրա, կհստակեցվեն ծառայության կողմից արտաքին հակահետախուզական գործունեության սահմանները, ինչպես նաև ծառայության կողմից տարբեր տեղեկատվական համակարգերից օգտվելու գործընթացը, հայտնում է Auroranews.am-ը։
«Ծառայությունում մասնագիտական հատուկ գիտելիքներ պահանջող պաշտոններում ծառայության ընդունվելու հնարավորություն կնախատեսվի 30-ից բարձր տարիքի անձանց համար, իսկ սահմանապահ զորքերում և հատուկ ստորաբաժանումներում ծառայության անցնելու ընթացակարգը որոշակիորեն կպարզեցվի:
Ազգային անվտանգության մարմինների ծառայողին քրեական հետապնդման ենթարկելու դեպքում կադրերի տրամադրության տակ գտնվելու ամբողջ ժամանակահատվածում կվճարվի ամսական հատուցում պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով: Կհստակացվեն ծառայողին՝ առողջական վիճակով պայմանավորված, ծառայությունից արձակելու վերաբերյալ կարգավորումները»,- ասել է Մկրտչյանը:
Նա ընդգծել է, որ Զինված ուժերում, ոստիկանությունում, Փրկարար ծառայությունում կամ ՊՊԾ-ում նախկինում ծառայած և հետագայում ԱԱԾ համակարգում ընդգրկված անձանց համար իրենց նախկին ծառայության կոչումային ժամկետը կընդգրկվի նաև ԱԱԾ-ում նոր կոչում շնորհելիս։