ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ չպատասխանեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին, թե ինչպես է ՀՀ-ն արձագանքել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ ԵԱՀԿ-ի 2019 թ․-ի առաջարկին՝ հանրաքվե անցկացնելու վերաբերյալ։
«Մենք սկսել ենք ուսումնասիրել բովանդակությունը և հարցեր ենք տվել համանախագահողներին, թե ինչո՞ւ է «ԼՂ համաժողովրդական հանրաքվե»-ում մի տեղ ժողովուրդ բառն օգտագործված, մի տեղ՝ բնակչություն, ուրեմն տարբեր կատեգորիաներ են։ Այս մասին ես ոչ մի նոր բան չունեմ ասելու։ Այս փաթեթը որ հրապարակվել է, ապացուցում է, որ այն, ինչ ես ասել եմ, ասել եմ փաստերի վրա հիմնված»,- նշել է նա։
ՀԱԿ ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանը դեկտեմբերի 2-ին՝ բանակցային փաթեթի հրապարակման օրը, հայտարարել էր, որ իրականում, ամենակարևոր գաղտնիքը թաքնված է հենց Հայաստանի պաշտոնական պատասխանի մեջ:
«Այդ պատասխանով որոշվում էր, թե արդյո՞ք մենք գնում ենք խաղաղության` դե ֆակտո անկախ Արցախով և Լաչինի ու Քելբաջարի վերահսկողությամբ, թե ներքաշվում ենք կործանարար պատերազմի մեջ, որի արդյունքն էր Արցախի ոչնչացումը և Հայաստանի նվաստացուցիչ թուլացումը»,- շեշտել էր նա:
ՀՀ կառավարությունը հրապարակել էր Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող պետական գերատեսչություններում առկա 13 փաստաթուղթ։ Ըստ հրապարակման՝ այս փաստաթղթերը պատկերացում են տալիս մինչև 2020 թվականը տեղի ունեցած բանակցային գործընթացի բովանդակության մասին։