Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել – Armenia Today

Գործարար, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել բացակայելու արգելքը, Armenia Today-ին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Ծառուկյանի նկատմամբ քրհետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի 1-ին մասով (դատական ակտը չկատարելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 1 տարի ժամկետով-խմբ․): Դատախազությունից մանրամասնել են, որ քրվարույթը հարուցվել է 2025-ի հոկտեմբերի 27-ին՝ 2024-ի հունիսի 5-ին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։

Քրհետապնդման նախապատմությն հիմում Ծառուկյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացված ուսումնասիրությունն է, որի նախնական արդյունքների ամփոփումից հետո՝ 2023-ի օգոստոսի 4-ին, դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան  «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցի հարուցման կապակցությամբ հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու մասին» դիմում  ներկայացրել։

«Նշված դիմումով դատախազություն դատարանին նաև խնդրել է արգելել Ծառուկյանին և նրա կնոջը (Ջավահիր Ծառուկյան-խմբ․) Բուլղարիայի Հանրապետությունում գրանցված «Գոռնա բանյա շշալցման ընկերություն» ընկերության 98,03% բաժնեմասի տնօրինման հետ կապված որևէ գործողության կատարել, որը դատարանը բավարարել է»,- հավելել են դատախազությունից։

Դատախազությունից նշել են, որ արգելքի վերաբերյալ ծանուցումը 2023 թվականի օգոստոսի 24-ին առձեռն հանձնվել է  Ծառուկյանին: Մինչդեռ, դատախազության տվյալներով, Ծառուկյանը և նրա կինն օտարել են այնպիսի գույք, որի օտարումն արգելված էր Հակակոռուպցիոն դատարանի 2023-ի որոշմամբ:

«Ի պատասխան իրավական օգնություն տրամադրելու մասին հարցման՝ տրամադրվել է Սոֆիայի շրջանային դատարանի դատական ակտը, որով, ի թիվս այլնի, նշվել է, որ «Գոռնա բանյա շշալցման ընկերություն» ընկերության բաժնեմասերը 2024-ի մարտի 15-ին Ծառուկյանը և նրա կինը, իրենց կողմից լիազորված անձի միջոցով, 23 մլն 850 հազար եվրոյով վաճառել են»,- հավելել են դատախազությունից։

Նոյեմբերի 27-ին ԶԼՄ-ները գրել էին, որ Ծառուկյանին արգելել են լքել ՀՀ-ն։ Մեկ այլ գործով, որն արդեն դատարանում է, Ծառուկյանը մեղադրվում է 2017-ի խորհրդարանական ընտրությունների ընթացքում ընտրողներին կաշառելու մեջ: Ըստ մեղադրանքի՝ նա «Բարգավաճ Հայաստան կուսակցությունից» առաջադրված թեկնածուի օգտին 17 000 ձայնի դիմաց բաժանել է 171 մլն դրամ (427 000 դոլար): Ծառուկյանը հայտնել էր, որ չի ընդունում մեղադրանքն ու այդ գործով դիմելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Leave a Comment