Էլեկտրոնային ծանուցման մեկ միասնական համակարգում, որի միջոցով ՀՀ քաղաքացիները և իրավաբանական անձինք ծանուցում և ծանուցվում են էլեկտրոնային հարթակի միջոցով, մի շարք փոփոխութունների կենթարկվի, ԱԺ-ում հայտարարել է արդարադատության նախարար Սրբուհի Գալջյանը:
Ըստ նրա՝ անհատական և հրապարակային ծանուցման համար գանձվող գումարը դիտարկել ոչ թե որպես վճար, այլ պետական տուրք, այդ թվում սահմանելով պետական տուրքի գծով արտոնություններից օգտվող անձանց շրջանակը։ Գալջյանը թվարկել է պետական տուրի չափը։
«Անհատական ծանուցման համար, տեքստի դեպքում, յուրաքանչյուր տպագրական նիշի համար գանձվելու է 0,05 դրամ, բայց ոչ պակաս 50 դրամից և ոչ ավել 250 դրամից, իսկ էլեկտրոնային փաստաթղթի դեպքում յուրաքանչյուր կիլոբայթի համար 0,5 դրամ, բայց ոչ պակաս 100 դրամից և ոչ ավել 500 դրամից։ Ե՛վ տեքստ, և՛ էլեկտրոնային փաստաթուղթ միաժամանակ պարունակելու դեպքում պետական տուրքը գանձվելու է դրանցից յուրաքանչյուրի համար առանձին, այսինքն յուրաքանչյուրի համար հաշվարկված պետական տուրքերի հանրագումարի չափով»,- նշել է նախարարը։
Ըստ նախագծի՝ հրապարակային ծանուցման դեպքում յուրաքանչյուր տպագրական նիշի համար գանձվելու է 10 դրամ, բայց ոչ պակաս 2000 դրամից և ոչ ավել 100 000 դրամից, իսկ ՀԿ-ի մասին ՀՀ օրենքով նախատեսված հաշվետվության հրապարակման համար՝ ոչ ավել 5000 դրամից, պարզաբանել է նախարարը։
Նոր կագավորմամբ նախատեսվել է հնարավորություն ծանուցել ֆիզիկական անձին՝ իր նշած հեռախոսահամարին հաղորդագրություն ուղարկելու միջոցով։
«Հաշվի առնելով, որ սահմանված դեպքերում ծանուցումն իրականացվելու է նաև «Փոստային կապի մասին օրենքով» սահմանված հիբրիդային առաքման միջոցով, կատարվել է լրացում, որի արդյունքում փոստային կապի օպերատորին հասանելիություն է տրամադրվում համապատասխան տեղեկատվությանը»,- մանրամասնել է նախարարը։
