3 դեկտեմբերի 2025 – 14:15 AMT
PanARMENIAN.Net – Արագածոտնի թեմի հոգևորականների տներում խուզարկությունների, իրավապահների ոչ իրավաչափ վարքագիծը բողոքարկվել է։ Այդ մասին տեղեկացրել է փաստաբան Արմինե Ֆանյանը, հայտնում է «Փաստինֆոն»։
Նա նշել է, որ հոգևորականներից մեկի դեպքում խոչընդոտել են դեղորայքի ընդունումը։
«Բոլորը համատարած ապօրինի պահվել են քննչական բաժիններում՝ առանց որևէ իրավական հիմնավորման, նրանց մեծ մասին անգամ չեն տեղեկացրել, որ նրանք իրավունք ունեն փաստաբանի ծառայությունից օգտվելու, որոնք ցանկացել են օգտվել այդ իրավունքից, իրենց ասել են, որ իրենց դա պետք չէ, վկայի կարգավիճակում են, դրա անհրաժեշտությունը բացակայում է։ Ունենք քահանա, ում համար խոչընդոտներ են ստեղծել՝ դեղորայքն ընդունելու։ Բնակարանի խուզարկության ժամանակ է անհարգալից վերաբերմունք եղել։
Բոլորի մասով դիմել ենք և ՄԻՊ-ին, և դատախազին՝ վարույթն իրականացնող գործողությունների մասով, որ խախտված իրավունքները վերականգնվեն, բայց դատախազությունն այդ բողոքները մակագրել է նույն Նազելի Սարգսյանին, որն այդ քննչական խմբի ղեկավարն է, վերջինս էլ գրել է՝ այդ տեղեկությունները ստահոդ են։ Պատկերացնու՞մ եք՝ մենք վարույթն իրականացնող մարմնի գործողությունների դեմ ենք առարկում, մեր բողոքը մակագրվում է իրեն և ինքն է պատասխանում։ Դա էլ է բողոքարկվել»,–ասել է փաստաբանը։
Ֆանյանը հավելել է, որ խուզարկությունների ժամանակ առգրավվել են այնպիսի իրեր, որոնց առգրավման իրավասությունը օրենքով չէր վերապահված, իսկ մի քահանայի տանից առգրավվել է 12,000 դրամ։ Ընտանիքի անդամների համար անհարմարություն է ստեղծվել, քանի որ խուզարկությունների ընթացքում վերցվել են բոլոր համակարգիչներն ու տեխնիկական միջոցները։ Նա նշել է նաև, որ փաստաբանները ժամանակավորապես հեռացվել են վարույթից՝ պատճառաբանելով, թե հոգևորականների շահերի հակասություն կա, սակայն այժմ գործը փոխանցվել է ՔԿ այլ վարչություն, որտեղ այդ հակասություն չի արձանագրվել, և նույն փաստաբանները շարունակում են ներգրավված մնալ։
«Նույն Նազելի Սարգսյանը որոշումներն ուղարկել էր դատարան, ընդ որում, որոշումները շատ ավելի ուշ են կայացվել, սկզբում գրություններ էր ուղարկել, ինչը ևս բողոքարկել ենք՝ նշելով, որ նման հարցերը որոշմամբ է լուծվում, ոչ թե՝ գրությամբ։ Գրություններ է հասցեագրել դատարանին՝ նշելով, թե մեր բողոքները պետք է մերժվեն, որովհետև ոչ պատշաճ սուբյեկտներ ենք, վարույթից հեռացված են: Aյդ հիմքով դատարանների մի մասն արդեն մերժել է բողոքները, Տեր Մխիթարի վերաբերյալ բողոքը բավարարվել է, մյուսների մասով սպասում ենք դատարանի պատասխանին։ Բողոքարկման պրոցեսների մեջ ենք։ Տեր Մխիթարի մասով ընդհանրապես խուզարկության այլ հասցե էր նշված»,-նշել է փաստաբանը։
Համաձայն Ֆանյանի՝ այս ընթացքում հոգևորականների մասնակցությամբ այլ քննչական գործողություններ չեն անցկացվել՝ բացառությամբ հարցաքննությունների։ Նա ընդգծել է, որ բողոքները մերժելու որոշումները նույնպես ենթակա են բողոքարկման, և իրենք շարունակելու են պայքարել՝ խախտված իրավունքները վերականգնելու համար։
Կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանի հայտարարությունների հիման վրա մեկնարկած քրեական վարույթի շրջանակում հոկտեմբերի 15-ի վաղ առավոտից կատարվել են խուզարկություններ Արագածոտնի թեմի հոգևորականների տներում, ինչից հետո քահանաները բերման են ենթարկվել։ Ըստ փաստաբանի՝ այդ խուզարկությունները իրականացվել են անպատշաճ ձևով. քահանաներից մեկին անգամ հնարավորություն չեն տվել հանել գիշերազգեստը, իսկ երեխաներին պատկանող հեռախոսներն ու պլանշետները առգրավվել են։ Նույն գործի շրջանակում ձերբակալվել և հետագայում կալանավորվել է թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը։